Աշխարհ

14.06.2017 09:30


ՄԻԵԴ-ն ընդունել է թուրքական ընդդիմադիր թերթի կալանավորված լրագրողների բողոքը

ՄԻԵԴ-ն ընդունել է թուրքական ընդդիմադիր թերթի կալանավորված լրագրողների բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) առաջնահերթության կարգով ընդունել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրողների դիմումը:

Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը փոփոխել էր դիմումների ընդունման կարգը: Քանի որ վերջին շրջանում ավելացել են մամուլի և խոսքի ազատության խախտումների վերաբերյալ բողոքները, ՄԻԵԴ-ը որոշել է առաջնահերթություն տալ խոսքի ազատության պատճառով բերման ենթարկված կամ կալանավորված լրագրողների դիմումներին:

Այս որոշման համաձայն՝ առաջին գործը, որը կքննվի ՄԻԵԴ-ում, թուրքական ընդիմադիր թերթի ղեկավար կազմի և լրագրողների դիմումն է ընդդեմ Թուրքիայի Հանրապետության:

Թերթի ներկայացուցիչների կողմից 2017 թվականի մարտի 2-ին ՄԻԵԴ ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ իրենց նկատմամբ ժամանակավոր կալանավորման որոշումը չի համապատասխանում գործող օրենսդրական ակտերին:

Հայցորդները կարծում են, որ ձերբակալության համար հիմք է եղել թերթի՝ կառավարությանը քննադատող գիծը: Ըստ լրագրողների՝ իրենց ձերբակալության հիմքում ընկած պատճառները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության հոդվածին:

ՄԻԵԴ-ը Թուրքիայի կառավարությանը դատարանում պաշտպանության համար ժամկետ է տվել մինչև 2017-ի հոկտեմբեր 2-ը:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 31-ին Թուրքիայում դատարանի որոշմամբ կալանավորվել էին ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի խմբագրական և ղեկավար կազմի 9 անդամ՝ խմբագիր Մուրադ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, «Ջումհուրիյեթ» հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը