Կարծիք

13.06.2017 09:00


«Թշվառ, անտերը» մեզ շա՜տ էլ սազական է

«Թշվառ, անտերը» մեզ շա՜տ էլ սազական է

2006-ին ՀՀ օրհներգը փոխելու հարցով երկրի ղեկավարությանը նամակով դիմեցին Էդվարդ Միրզոյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը և բազմաթիվ հայտնի արվեստագետներ: Հայտարարվեց ՀՀ օրհներգի մրցույթ, որին մասնակցության հայտ ներկայացրեցին Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, ևս մեկ տասնյակ կոմպոզիտորներ և մոտ 60 բանաստեղծներ:
Մրցութային գործընթացը տևեց ամիսներ, թեժ քննարկումներ ու բանավեճեր ծավալվեցին: «Մեր հայրենիքը» խոտանեցին, ջախջախեցին, հայտարարեցին, որ այն իտալական ազատագրական պայքարին է նվիրված, ի՞նչ կապ ունի մեզ հետ:
Ի վերջո, մրցույթի երկրորդ փուլ անցած Մանսուրյանի ու Ամիրխանյանի տարբերակն էլ չանցավ: Հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկեց Արամ Խաչատրյանի օրհներգի օգտին (Խորհրդային Հայաստանի):
Բայց դե, ՀՅԴ-ն անմիջապես օրինագիծ ներկայացրեց ԱԺ և խաչատրյանական տարբերակը ոչ ևս արեց: Օրենքով ամրագրվեց, որ մնալու է գործող՝ «Մեր հայրենիք» օրհներգը:
Հիմա այս թեմայով նախաձեռնությամբ է հանդես գալիս Շառլ Ազնավուրը. «Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- ասել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալված շանսոնյեն:
«Քեզ համար, Հայաստան» հայտնի երգի հեղինակը Ժորժ Կառվարենցն է, խոսքի հեղինակը` Շառլ Ազնավուրը:
Այսինքն՝ հիմա էլ մեծն շանսոնյեն է «գազազեցնելու» Դաշնակցությանը։
Առաջին հանրապետության հիմնի ճակատագիրը հերթական անգամ վտանգված է: Տեսնենք հիմա ինչպե՞ս կհաջողվի ՀՅԴ-ին «տորպեդահարել» Ազնավուրի ուզած օրներգին:
Իսկ ընդհանրապես, պետք է ասեմ՝ մենք այնքան անհոգ ու երջանիկ ենք ապրում, որ արդեն էլ հոգս ու խնդիր չունենք ու մնում է այս հարցը լուծել:
Բայց իրականությունը մեկն է՝ մեր հայրենիքը թշվառ, անտեր է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը