Կարծիք

11.06.2017 13:02


Ո՞վ է մեղավոր հայ կինոն թաղելու հարցում

Ո՞վ է մեղավոր հայ կինոն թաղելու հարցում

2005-ի ամռանը ես էլ էի ներկա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ժողովին, որտեղ քննարկվում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի հարցը: Միության նախագահը, բոլոր կինոգործիչները ոգևորված էին, երկու ձեռքով կողմ էին «Հայֆիլմի» վաճառքին:
Բոլորը տեղյակ էին, որ կինոստուդիան մոտ 650 հազար դոլարով (350 միլիոն դրամով) գնելու է «Armenio Studios» ՓԲԸ-ն, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «CS Media City» հոլդինգի մի մասն է։ Տեղյակ էին, որ սեփականատերը ստանձնել էր 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 միլիարդ դրամ ներդնելու պարտավորություն։ «Armenio Studios» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանն ասում էր, որ «Հայֆիլմը» կունենա այնպիսի հզոր բազա, որ հնարավորություն կընձեռի արտերկրի այլ կինոընկերությունների գալ Հայաստան ու իրենց ֆիլմերը նկարահանել: Լրիվ Հոլիվուդ էր խոստանում Բագրատը, որը այն ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերության տերն էր:
Ու կինոգործիչները լսելով նրան` ուրախությունից քիչ էր մնում լաց լինեին: Պարզ է, որ Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը ինչ-ինչ շահագրգռություններ ուներ ու ողջունում էին կինոստուդիայի վաճառքը:
Հիմա զարմանում եմ, որ այդ նույն մարդիկ վաշ-վիշ են դրել ու մղկտում են «Հայֆիլմի» ավերակների վրա: Մի Կարեն Շահնազարով կարողացավ ՌԴ կառավարությանը պարտադրել՝ թույլ չտալով «Մոսֆիլմը» վաճառել:
Մի ամբողջ միություն այսքան տարի չկարողացա՞ք կառավարությանը բացատրել, որ ոչ մի ներդրում էլ չի արվել, ավելին՝ ֆիլմերի թվայնացումն էլ խայտառակություն է (ոնց որ վառ գույներով ներկերը խառնեն ու շփեն մեր սիրելի ֆիլմերի վրա):
Լա՛վ, 2008-ից հետո ի՞նչ էին մտածում փոփոխվող կառավարությունները (մինչ այդ կարելի էր չանհանգստանալ, քանի որ վաճառքից ընդամենը 2,5 տարի էր անցել): Գաֆեսճյանը մեռավ-գնաց, Բագրատը հո կա՞: Ինչո՞ւ չէին անհանգստացնում հայտնի լեզվաբանի որդուն, որը ոչ մի ներդրում չէր անում ու կինոստուդիան իր հեռուստաընկերության համար էր «քշում»՝ խթանելով սերիալային աղբի, գռեհիկ լեզվի ու անորակ հաղորդումների զարգացումը (ինչը հիմա էլ շարունակվում է)...
Կամ՝ իշխող ուժը 2012-ին կարողացավ 8 միլիոն դոլար ճարել՝ «Նժդեհ» ֆիլմը նկարելու համար ու չկարողացա՞վ որպես կառավարություն 650 հազար դոլարով գնված կինոստուդիան վերադարձնել նախկին՝ պետականի կարգավիճակին:
Հիմա բոլորը խոսում են ու ոչ ոք չի նշում՝ ո՞վ է մեղավոր հայ կինոն թաղելու հարցում...
Թումանյանի ասածի պես` «Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ո'չ պատասխանատվության կանչվեց, ո'չ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…»:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը