Աշխարհ

10.06.2017 19:05


Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը

Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում:

Երեք օր տևած ձերբակալությունից հետո Քըլըչը տեղափոխվել է դատախազություն՝ ցուցմունք տալու նպատակով: Ավելի ուշ նրա վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել և Քըլըչը տեղափոխվել է դատարան:

Իրավապաշտպան Քըլըչի կալանավորման լուրը հայտնի է դարձել «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության անդամ Անդրեյ Գարդների թվիթերյան գրառումից: «Մարդու իրավունքների ջատագով Թաներ Քըլըչը կալանավորվեց՝ առանց որևէ կոնկրետ, համոզիչ փաստարկի: Ի՜նչ ամոթ», - գրել է Գարդները:


Հունիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը գրավոր հայտարարությամբ կոչ էր արել ազատ արձակել «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի ղեկավարին՝ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը բնութագրելով որպես ահազանգ: Նմանատիպ կոչով էր հանդես եկել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի խոսնակը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում 23 փաստաբանի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացվել: Այդ ցանկում տեղ էր գտել նաև Թաներ Քըլըչի անունը: Նշված 23 փաստաբաններից 18-ը այս պահին արդեն անազատության մեջ են:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը