Աշխարհ

10.06.2017 10:35


Թուրքիայում պայթյունի արդյունքում վիրավորվել է 2 ուժային

Թուրքիայում պայթյունի արդյունքում վիրավորվել է 2 ուժային

Հունիսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Քոզլուք գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկներով բեռնված մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի շենքի մոտ, վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային, ևս 1 քաղաքացիական: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Վիրավորվածներին տեղափոխել են Բաթմանի նահանգային հիվանդանոց:

Նույն գավառում զինված անհայտ անձը ինքնաձիգով կրակել է մարդկանց վրա, վիրավորվել է ևս մեկ քաղաքացիական: Թուրքիայի ուժայինները քրդական կառույցի զինյալներին հայտնաբերելու համար նահանգում գործողություններ են սկսել:

Նույն օրը PKK զինյալները նռնականետներով կրակել են նաև հարավային Հաքքարի նահանգի Իսկենդերուն գավառի ժանդարմերիայի շենքի վրա: Թուրքիայի ուժայիններն էլ պատասխան կրակ են բացել: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը:

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում ուժայինների գործողությունների արդյունքում սպանվել է Թուրքիայի 3 ուժային, վիրավորվել 18-ը, «շարքից հանվել է» քրդական կառույցի 42 զինյալ:

Նշենք, որ թուրքական կողմի տվյալներին անհրաժեշտ է վերապահումով մոտենալ, քանի որ հնարավոր է՝ թուրքական բանակի կորուստները ներկայացվեն ավելի քիչ, քան իրականում են: Սրան զուգահեռ հնարավոր է, որ թուրքական կողմը ուռճացված ներկայացնի քուրդ զինյալների մասին տվյալները:

Թուրքիայի զինուժը, ուժային կառույցները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններն ակտիվացրել են 2015 թ. հուլիսից: Առավել ակտիվ բախումներ գրանցվել են 2016 թ. ձմռան ամիսներին:

Արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, բացի այդ, տարբեր տվյալններով՝ 350-500 մարդ տեղահանվել են Թուրքիայի այլ նահանգներ:

Այս խորագրի վերջին նյութերը