Աշխարհ

10.06.2017 10:24


ԵՄ-ն Թուրքիային տրամադրված նյութական միջոցների աուդիտ կանցկացնի

ԵՄ-ն Թուրքիային տրամադրված նյութական միջոցների աուդիտ կանցկացնի

Եվրամիությունը որոշել է աուդիտի ենթարկել Թուրքիայի՝ ԵՄ թեկնածու դառնալուց հետո այս երկրին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնությունը:

«BBC Türkçe»-ի համաձայն՝ 2007-2013թթ. ԵՄ-ն Թուրքիային 4.48 մլրդ եվրո նյութական օգնություն է ուղարկել: Ընդ որում, նշված ժամանակահատվածում Թուրքիային տրամադրված գումարը կազմում է ԵՄ թեկնածու երկրներին տրամադրվող օգնության 40%-ը: Նախատեսվում էր, որ այդ գումարը պետք է ծախսվեր Թուրքիայի եվրաինտեգրման համար սահմանված նախապայմաններն իրագործելու նպատակին:

2014թ. հետո նույն նպատակով Թուրքիային պետք է տրամադրվեր ևս 1.65 մլրդ եվրո, սակայն Բրյուսելը դեռևս լիովին չի վճարել այդ գումարը: Աուդիտների եվրոպական դատարանի անդամ Գուստավ Վեսսբերգը մի մամուլի ասուլիսի ժամանակ այս առթիվ ասել է. «Թուրքիան Եվրամիության արտաքին ֆինանսական օգնությունից ամենից շատ օգտվող երկիրն է: Միևնույն ժամանակ պաշտպանության, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ի նշանակալից գործընկերն է: Սակայն մինչ օրս մենք երբեք չենք ստուգել, թե Թուրքիա ուղարկված նյութական օգնությունը որքանով է ծառայել իր նպատակին»:

Աուդիտորների խնդիրն է լինելու՝ պարզել, թե արդյոք Թուրքիային տրամադրված ֆինանսները օգտագործվել են նախատեսված ոլորտներում ծրագրված նպատակների համար և արդյոք դրանք արդյունավետ արդյունք են տվել: Աուդիտի ընթացքում ուշադրություն կդարփվի երեք հիմնական ոլորտների՝ (1) օրենքի գերակայություն, (2) ժողովրդավարություն և լավ կառավարում, (3) կրթություն , աշխատանք և սոցիալական քաղաքականություն:
Աուդիտի արդյունքում կազմված զեկույցը կհրապարակվի 2018թ.:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը