Աշխարհ

09.06.2017 10:51


Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Կատարում զորախումբ տեղակայելու մասին համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Կատարում զորախումբ տեղակայելու մասին համաձայնագիրը

Հունիսի 8-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև դեռևս 2016-ի ապրիլին կնքված «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը: Նույն օրը համաձայնագիրը հաստատել է Թուրքիայի նախագահը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Համաձայնագրով հաստատվում են Կատարում Թուրքիայի զինուժի երկարաժամկետ տեղակայման պայմանները, կանոնները, ինչպես նաև Կատարում տեղակայվելիք Թուրքիայի զինուժի կարգավիճակը:

Համաձայնագրով նախատեսվում է Կատարում տեղակայել.

  • համատեղ շտաբ,
  • համակարգող խումբ
  • աջակցման ուժեր,
  • ցամաքային զորքեր,
  • ծովային ուժեր,
  • օդուժ, որի քանակը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:

Կատար ուղարկվող թուրքական զորախմբի ծառայության ժամկետը որոշվելու է թուրքական կողմը, սակայն համակարգող խմբի անձնակազմը ամենաքիչը 2 տարի պետք է ծառայություն իրականացնի:

Կատարը պարտավորվում է Թուրքիայի զինուժին ապահովվել բոլոր անհրաժեշտ միջոցներով և տարածքներով, թույլատրել օգտվել օդանավակայաններից, նավահանգիստներից, տեղակայել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, հիմնել զինվորական ճամբարներ և այլն:

Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ Կատարի և Թուրքիայի զինուժը կարող են համատեղ վարժանքներ և զորավարժություններ իրականացնել, ինչը կօգնի զարգացնել երկու երկրների զինված ուժերի կարողությունները:

Նշենք, որ Թուրքիայի և Կատարի համատեղ ռազմական ուսումնավարժանքների և Կատարում Թուրքիայի ռազմական ուժերի տեղակայման մասին համագործակցության համաձայնագրերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել էին դեռևս 2015-ի մարտի 1-ին, իսկ նույն տարվա հունիսի 8-ից այն գործողության մեջ էր դրվել:

Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, ինչը նախատեսված է նաև 2007-ի մայիսի 5-ին «Թուրքիայի կառավարության և Կատարի կառավարության միջև ստորագրված զինվորական կրթության, տեխնիկական և գիտական համագործակցության» համաձայնագրով, ինչպես նաև 2012-ի հուլիսի 7-ին ստորագրված ռազմարդյունաբերական և ռազմական համագործակցության համաձայնագրերով։

Բացի այդ, նույն օրը՝ հունիսի 8-ին, Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նաև դեռևս 2015-ի դեկտեմբերին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Թուրքիայի և Կատարի միջև ժանդարմերիայի ուսումնավարժական ոլորտում համագործակցության մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված արձանագրությունը» վավերացնող օրինագիծը:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը