Աշխարհ

09.06.2017 15:45


Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո փակվել է 30 տպարան

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո փակվել է 30 տպարան

Թուրքիայի հրատարակիչների միությունը 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակներում պետության կողմից մտցված սահմանափակումները ներկայացնող զեկույց է հրապարակել:

«Հրատարակչական ազատությունը 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս» վերնագրով զեկույցը բաժանված է հետևյալ բաժինների՝ գրքերի արգելում, գրքեր, որոնք համարվել են հանցագործության փաստ, կալանավորված հեղինակներ, հարձակումներ տպարանների վրա, ուսումնական ծրագրերից գրքերի կրճատում, մամուլի ազատության վիճակ, ազատազրկման վայրերում գրքերի արգելում և սոցմեդիայում աճող ճնշումներ:

Զեկույցը արդեն մեկ տարի արտակարգ իրավիճակ հայտարարված Թուրքիայում արձանագրել է հետևյալ պատկերը.

*1656 հոգի կալանավորվել է սոցցանցերում արած գրառումների հիման վրա

*Թուրքիան «Twitter» սոցցանցի գրաքննությամբ աշխարհում առաջին տեղում է հայտնվել

*2016-ի հուլիսի 27-ին հրապարակված կառավարության որոշմամբ գյուլենականների հետ կապ ունենալու պատճառաբանությամբ փակվել է 16 հեռուստաալիք, 2 ռադիո, 45 օրաթերթ, և 15 շաբաթաթերթ, 29 տպարան: 2016-ի հոկտեմբերի որոշմամբ փակված տպարանների թիվը հասել է 30-ի:

*«Էքին» տպարանից բռնագրավվել է 160, «Բելգե»-տպարանից՝ 2.200, «Արամ» տպարանից՝ 72, «Թեքին» տպարանից՝ 1, իսկ «Քըրմըզը քեդի» տպարանից հավաքվել է հաղաշրջման փորձին նվիրված ու դեռևս վաճառքի դուրս չեկած «Լեման» երգիծական հանդեսի բոլոր համարները:

*Հանրային գրադարաններից հավաքվել է ավելի քան 135000 գիրք, որոնք հրատարակված են եղել Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին պատկանած տպարաններում:

*Խնդրո առարկա ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 4800 գիտնական ու դասախոս:

*Երկրի կրթության նախարարությունը «գյուլենականության քարոզչության տարրեր է հայտնաբերել» և փոխել հանրակրթական դպրոցների 6-րդ և 8-րդ դասարանների թուրքերեն լեզվի դասագրքերի բովանդակությունը:

*Հեղաշրջման փորձից առաջ կալանավայրերում գտնվող 39 լրագրողների թիվը 2017-ի մայիսի 8-ի դրությամբ հասել է 162-ի: Առգրավվել է 54 լրագրողի ու գրողի ունացվածքը:

*Ավելացել են ազատազրկման վայրերում կալանավորների նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Կրճատվել է կալանավորներին տրվող գրքերի ցանկը:

* Որոշ կալանավայրերում արգելվել են նույնիսկ այն քրդալեզու գրքերը, որոնց վերաբերյալ արգելելու կամ դրանք հավաքելու որոշում չի եղել:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը