Աշխարհ

07.06.2017 15:58


Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվը հասել է 165 մարդու

Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվը հասել է 165 մարդու

Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Նիստի ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց վիճակը, նրանց դատավարությունների ընթացքն ու արդյունքները, վերջին օրերին կատարված ձերբակալությունները և այլն:

Կենտրոնի նիստով թարմացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, դրա մեջ ներառվել են ևս 4 անձ:

Այս 4 անունները ներառելուց հետո, այդ ցուցակում գտնվող անձանց թիվը հասել է 165-ի:

Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակում ավելացվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆղան Մուխտարլըի, Kanal 13 ինտերնետային հեռուստատեսության խմբագիր Ազիզ Օրուջովի և շիական Նարդարան ավանի բնակիչ Նաթիգ Շահբազովի անունները:

Միաժամանակ ցուցակից հանվել է բանտում մահացած բլոգեր Մեհման Ղալանդարովի անունը:

Մայիսի 26-ին ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:

Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:

Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:

Kanal 13 ինտերնետային հեռուստատեսության խմբագիր Ազիզ Օրուջովը նախորդ ամիս 30 օր ժամկետով ազատազրկման էր ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու մեղադրանքով:

Ազատազրկման 30-օրյա ժամկետի լրանալուց հետո Օրուջովին առաջադրվել է անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանք, և նա դատապարտվել է 4-ամսյա ազատազրկման:

Նարդարանի բնակիչ Նաթիգ Շահբազովը ձերբակալվել է անօրինական զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:

Նաթիգ Շահբազովի եղբայրներն ու հայրը նույնպես ազատազրկված են:

2015 թվականի նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել էին Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել էին Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ էին սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել էին: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ էին սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվանումը կրող շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով: «Բացի այդ՝ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում և թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Նարդարանի բնակիչներն այս դեպքից հետո առավել ևս մշտապես գտնվում են Ադրբեջանական իշխանության ուշադրության կենտրոնում: Տարբեր շինծու մեղադրանքների միջոցով ձերբակալելով Նարդարանի բնակիչներին՝ իշխանությունները ցանկանում են կոտրել այդ ընդդիմադիր համայնքի պայքարող ուժը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը