Կարծիք

07.06.2017 08:15


Արցախցի ուսանողներից շատերն աշխատանքի խնդիր ունեն

Արցախցի ուսանողներից շատերն աշխատանքի խնդիր ունեն

Շուտով ամառային արձակուրդները կսկսվեն նաև արցախցի ուսանողների համար: Նրանցից շատերն աշխատանքի խնդիր ունեն: Եթե Ֆրանսիայում լինեին` հավանաբար կիջնեին Միջերկրականի ափ` աշխատելու հյուրանոցներում և սրճարաններում, սպասարկելու միլիոնավոր զբոսաշրջիկներին, կամ ուղղակի կգնային նարինջ, մի քիչ ավելի ուշ` խաղող հավաքելու: Հաջորդ ուսումնական տարվա ծախսերի մեծ մասը կփակեին իրենց աշխատանքով: Ո՞ւր գնա արցախցի ուսանողը:

1. Փորձել ժամանակավոր աշխատանք գտնել սպասարկման ոլորտում: Արցախում զբոսաշրջիկները միլիոններ չեն, բայց հազարներ են, որոնց ևս հարկավոր է սպասարկել: Սովորաբար այս շրջանում հյուրանոցները և սրճարանները լրացուցիչ աշխատողների կարիք են ունենում: Այդ տիպի աշխատանքները կարևոր են անձի սոցիալականացման համար:
2. Ստեփանակերտում մեծ պահանջարկ կա baby sitter-ների: Մանկապարտեզների քչության և դպրոցներում ամառային արձակուրդների մեկնարկի հետ կապված շատ աշխատող ծնողներ կանգնել են խնդրի առջև. որտե՞ղ թողնել իրենց երեխային: Առաջարկե'ք ձեր ծառայությունները, զբաղվեք դպրոցահասակ երեխաների հետ մինչև ծնողները կգան աշխատանքից: Կարող եք միանգամից 3-4 ցածր դասարանի երեխա վերցնել, տանել զբոսանքի, փոքրիկ գրքեր կարդալ նրանց համար կամ օտար լեզու սովորեցնել: Ողողե'ք ֆեյսբուքը ձեր ծառայությունների մասին հայտարարություններով: Գումար աշխատե'ք: Եվ դուք գոհ կլինեք և ծնողները երախտապարտ:
3. Փորձե'ք աշխատանք գտնել պահածոների գործարաններում: Այս սեզոնին նրանք սովորաբար լրացուցիչ աշխատակիցներ են ներգրավում: Արտադրության բնագավառին բանվորի կարգավիճակով ծանոթանալը ձեզ հնարավորություն կտա բիզնես գաղափարներ մտածել և մի օր, միգուցե, դրանք իրականացնել:
4. Օրավարձով բանվոր աշախատեք ֆերմերային տնտեսություններում: Հողի հետ աշխատանքը ձեզ կարևոր փորձառություն կտա: Որոշակի գումար` նույնպես:
5. Եթե գումար չեք ուզում աշխատել, բայց ամառային հանգիստը ցանկանում եք արդյունավետ անցկացնել, ապա այցելեք տարբեր գյուղերում բնակվող ձեր ընկերներին, գիշերեք նրանց մոտ, ճանաչեք ձեր երկիրը: Փորձեք հասկանալ այդ գյուղերում առկա խնդիրները, ձևակերպել դրանք և լուծումներ փնտրել:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը