Աշխարհ

06.06.2017 14:06


ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայված ՀՕՊ համակարգերի համար նոր տեխնիկա և սարքավորումներ է ուղարկել

ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայված ՀՕՊ համակարգերի համար նոր տեխնիկա և սարքավորումներ է ուղարկել

Իտալիան Թուրքիա-Սիրիա սահմանին ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերով անվտանգությունն ապահովելու ծրագրի շրջանակներում ՀՕՊ համակարգերի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ է ուղարկել Թուրքիա: Սարքավորումներն անհրաժեշտ են ավելի վաղ Թուրքիայում տեղակայված Իտալիայի ԶՈւ ՀՕՊ համակարգերի համար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նոր սարքավորումները Իտալիայից ծովային ճանապարհով բերվել են Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսկենդերուն գավառի նավահանգիստ, իսկ այնտեղից էլ ցամաքային ճանապարհով ուղարկվել են Քահրամանմարաշի զորանոցներից մեկը:

«Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ Քահրամանմարաշ է հասել 15 մեքենայից բաղկացած շարասյուն, որոնցում եղել են անհրաժեշտ սարքավորումները: Պարբերականը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիան ավելի վաղ շարքից դուրս եկած տեխնիկան և սարքավորումները ուղարկել է Իտալիա, որպեսզի դրանք փոխարինվեն նորերով:

Նշեն, որ ավելի վաղ՝ 2016-ի հունիսին, հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ն Իտալիայից Թուրքիայի Քահրմանամարաշ է տեղափոխել ՀՕՊ համակարգեր, որոնք տեղակայվել են Գազի զորանոցում: Շարասյունը կազմված է եղել 36 բեռնատարներից, որոնց մեջ եղել են հրթիռային մարտկոցներ, ռազմական տեխնիկակա, սարքավարումներ:

Թե կոնկրետ, ինչ համակարգեր են, թուրքական աղբյուրները չեն նշում: Կան տեղեկություններ, որ խոսքը ոչ թե Patriot, այլ՝ եվրոպական արտադրության MEADS միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի մասին է:

Հիշեցնենք, որ 2015 -ի դեկտեմբերին Գերմանիայի ԶՈւ 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք 2013-ից տեղակայված էին Թուրքիայի Քահրամանմարաշում` Սիրիայի հետ օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար, դուրս են բերվել Թուրքիայից:

2015-ի հոկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ևս դուրս է բերել իր Patriot համակարգերը Թուրքիայից: Կային նաև տվյալներ, որ Թուրքիայում տեղակայված գերմանական և ամերիկյան Patriot-ների դուրսբերումից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է նոր համակարգեր բացազատել այդ երկրում` Թուրքիայի օդային սահմանների պաշտպանությունն ապահովելու համար:

Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը:

Այժմ թուրքական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար, սակայն կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել:

Այս խորագրի վերջին նյութերը