Աշխարհ

06.06.2017 13:33


Ադրբեջանի սահմանապահ ծառայությունում ավելացվում են առանձին հրամանատարությունները

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունում ավելացվում են առանձին հրամանատարությունները

2017թ. հունիսի 5-ին Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով երկրի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքում զգալի փոփոխություններ են իրականացվել: razm.info-ն գրում է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի գնահատականի՝ սա կապված է կառույցի խոշորացման հետ: Ընդդիմադիր աղբյուրներից պնդում են, որ Էլչին Գուլիևի իրավասությունները կրճատվում են:

Նոր փոփոխությամբ «Սահմանապահ ծառայության պետ-սահմանապահ զորքերի հրամանատարի» պաշտոնը փոխարինվում է «Սահմանապահ ծառայության պետի» պաշտոնով:

Սահմանապահ ծառայության ենթակայության ներքո գործում են՝

  • Սահմանապահ զորքեր,
  • Առափնյա պահպանության ուժեր,
  • Արագ արձագանքման ուժեր,
  • Սահմանապահ վերահսկողության ուժեր,
  • Ռազմական ավիացիայի զորամասեր,
  • Ռազմածովային ուժերի զորամասեր,
  • Այս նշանակության զորամասեր և կառույցներ:

ՊՍԾ պետը նախագահին առաջարկ է ներկայացնում ծառայության բարձրագույն ռազմական կոչումներով պաշտոնյաների նշանակման մասին: Ադրբեջանական Azeri Defense մասնագիտացված լրատվակայքը նշում է, որ փոփոխոթությունները կապված են կառույցի խոշորացման հետ, քանի որ այսուհետ գործելու են «Սահմանապահ զորքերի», «Առափնյա պահպանության», «Արագ արձագանքման», «Սահմանապահ վերահսկողության» առանձին հրամանատարություններ և գլխավոր վարչություններ:

Ի տարբերություն այս իշխանամերձ կայքի՝ ադրբեջանական «Թուրան» ընդդիմադիր գործակալության կայքը պնդում է, որ «ՊՍԾ պետը կորցնում է իրավասությունները»: Որպես հիմնական խնդիր նշվում է այն, որ ՊՍԾ պետի և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոններն առանձնացվում են: Իրականում այստեղ խնդիրը կարող է կապված լինել նրա հետ, որ եթե նախկինում ՊՍԾ ողջ զորամիավորումները ամբողջացվում էին սահմանապահ զորքերի ենթակայության տակ, ապա ներկայում «սահմանապահ զորքերը» ստեղծված 4 առանձին հրամանատարություններից մեկն է:

Հրամանատարությունների ստեղծման մասին խոսում է Ալիևի հրամանագրի 17.8-րդ կետում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ ծառայության պետը այսուհետ նախագահին ոչ թե առաջարկ է ներկայացնում «Սահմանապահ ջոկատների, ռազմածովային և ռազմական ավիացիայի զորամասերի» ստեղծման և լուծարման, այլ՝ «Սահմանապահ զորքերի, առափնյա պահպանության, արագ արձագանքման, սահմանային հսկողության» զորամասերի ստեղծման և լուծարման վերաբերյալ:

Հատկանշական է նաև, որ հրամանագրից հանվում է «ՊՍԾ առաջին տեղակալ-սահմանապահ զորքերի շտաբի պետ» արտահայտությունը: Հնարավոր է, որ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված այդ պաշտոնը վերացվում է: Սակայն դեռևս հայտնի չէ, թե փոխարները ինչ պաշտոն է ստեղծվում:

Ավելացնենք, որ, դատելով «ջոկատներ» տերմինի վերացումից՝ հնարավոր է ապագայում «սահմանապահ ջոկատների» փոխարեն ստեղծվեն «սահմանապահ զորամասեր»: Սակայն այստեղ հստակ փոփոխոթւոյւն արձանագրել հնարավոր չէ, քանի որ նույն «ջոկատները» կառուցվածքով, համալրվածությամբ համապատասխանում էին համազորային բանակներում առկա գնդերին:

Եթե նախկինում «սահմանապահ զորքեր» տերմինի տակ հասկացվում էին ՊՍԾ բոլոր ստորաբաժանումները միասին, ապա ներկայում այդ զորքերի կազմում ներառված են միայն ցամաքային ստորաբաժանումները:

Հավելենք, որ հունիսի 5-ին ստորագրված մեկ այլ հրամանագրով ՊՍԾ պետի պաշտոնում վերանշանակվում է գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

Այս խորագրի վերջին նյութերը