Քաղաքական

05.06.2017 14:24


Լրագրողներն ինչո՞ւ են մեզ խանգարում. Սերժ Սարգսյանի շրջանցող պատասխանը՝ Ֆիրդուսի բնակիչներին (տեսանյութ)

Լրագրողներն ինչո՞ւ են մեզ խանգարում. Սերժ Սարգսյանի շրջանցող պատասխանը՝ Ֆիրդուսի բնակիչներին (տեսանյութ)

Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի բնակիչներն այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի կառավարական ամառանոցի ճանապարհին բողոքի ակցիա են իրականացրել: Newsbook.am-ը հայտնում է, որ բնակիչները նշում էին, որ կամ պետք է իրենց փոխհատուցման գումարները տան, կամ էլ բնակարանով փոխհատուցեն: Նրանք դժգոհում էին, որ իրենց բնակարան են առաջարկում Երևան քաղաքի ծայրամասերում, երբ Ֆիրդուսի հատվածը գտնվում է Երևան քաղաքի 7-րդ գոտում: Նրանց խոսքով՝ փոխհատուցման չափն էլ է շատ քիչ:

Այնուամենայնիվ, բնակիչներին հաջողվեց կարճ զրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ: «Արդեն 10 տարի է՝ դրսում ենք: Մեզ հետ շատ վատ՝ փողոցային շան պես են վարվում: Մեր բնակարանների հարցը մինչ օրս չի լուծվում»,- իր խոսքն ուղղելով Սերժ Սարգսյանին՝ ասաց բնակիչներից մեկը:

Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց. «Մեր բնակարանները քանդել են: Պայմանագրեր ենք կապել, որոնց բոլոր ժամկետներն արդեն անցել են, իսկ մեր բնակարանների հարցը դեռ չի լուծվել»: Նրանք Սերժ Սարգսյանին ցույց տվեցին տարիների ընթացքում անպատասխան թողնված դիմումները: «Կհանձնարարեմ, մոտակա երկու օրում կուսումնասիրեն, կասեն»,- ասաց Սերժ Սարգսյանը: Բնակիչներից մեկը Սերժ Սարգսյանին հիշեցրեց՝ անձամբ իրեն էլ են դիմել նամակով. «Դեռ այն ժամանակ ասացիք՝ հետամուտ եմ լինելու, որ ձեր հարցը շտապ լուծվի: Առ այսօր ոչ մի պատասխան մենք չենք ստացել: Մենք վարձով ենք ապրում, վարձերն էլ չեն տալիս»:

Չպատասխանելով, թե ինչո՞ւ է քաղաքացու նամակն անպատասխան թողել, Սերժ Սարգսյանն ասաց. «Լրագրողներին դո՞ւք եք ձեր հետ բերել»: Քաղաքացիներն ասացին, թե իրենք չեն բերել: Սերժ Սարգսյանն էլ նշեց. «Բա ինչո՞ւ են մեզ խանգարում»: Բնակիչները չհամաձայնեցին Սերժ Սարգսյանի հետ՝ ընդգծելով, որ լրագրողներն ամենևին չեն խանգարում իրենց:

Այս խորագրի վերջին նյութերը