Աշխարհ

05.06.2017 21:05


ԱՄՆ-ն հերքում է Թուրքիայի վարչապետի «բացահայտումը». Ռաքքայի գործողությունը չի սկսվել

ԱՄՆ-ն հերքում է Թուրքիայի վարչապետի «բացահայտումը». Ռաքքայի գործողությունը չի սկսվել

Հունիսի 4-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը սկսել են «Իսլամական պետության» կենտրոն Սիրիայի Ռաքքա քաղաքի գրավման գործողությունը: Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը հերքել է թուրք պաշտոնյայի հայտարությունը: Այս մասին գրում է razm.ino-ն։

Թուրքիայի վարչապետի հայտարարությունը փոխանցում է տեղական NTV հեռուստաընկերության կայքը: Նշվում է, որ, համաձայն Յըլդըրըմի խոսքի, Թուրքիային նման տեղեկություն փոխանցել է հենց Միացյալ Նահանգները: Թուրքիայի վարչապետը նաև ասել էր, որ ամերիկյան կողմը իրենց երաշխիքներ է տրամադրել, որ քրդական ուժերը ԱՄՆ-ից ստացած զենքը Թուրքիայի դեմ չեն կիրառի:

Սակայն նույն օրը Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է, որ իրենք չեն կարող հաստատել Յըլդըրըմի հայտարությունը.

«Ո՛չ, մենք չենք կարող հաստատել, որ գործողությունը մեկնարկել է և մենք չենք քննարկում գործողության ապագան»,-հայտարարել է կոլաիցիայի ներկայացուցիչը:

Իսկ ամերիկյան «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ ԱՄՆ կոալիցիայի խոսնակը հայտարարել է, որ «Ռաքքան ազատագրվելու է ԻՊ-ից և վերադարձվելու իր քաղաքացիներին», սակայն ժամկետներ չի նշել: Գնդապետ Դիլոնն ավելացրել է, որ իրենք ավիացիայի և հրետանու հարվածներով օժանդակելու են իրենց դաշնակիցներին:

Հիշեցնենք, որ Ռաքքայի գրավման համար ԱՄՆ-ն դաշնակցում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ: Ամերիկյան կողմը նաև մեծամասամբ այդ զորաջոկատներից ու արաբներից կազմված ուժերին զենք-զինամթերք է տրամադրում: Սա առաջացնում է Թուրքիայի ակնհայտ դժգոհությունը, քանի որ թուրքական կողմը Սիրիայի քրդական կառույցը դիտարկում է որպես «ահաբեկչական» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը