Աշխարհ

03.06.2017 17:30


Վրաստանը մասնավոր ընկերություններին կվերադարձնի 2012 թ. խլած ինքնաթիռը և ուղղաթիռները

Վրաստանը մասնավոր ընկերություններին կվերադարձնի 2012 թ. խլած ինքնաթիռը և ուղղաթիռները

Վրաստանի գլխավոր դատախազության որոշմամբ այդ երկրի պաշտպանության նախարարությունը պարտավորվում է վրացական Fly Adjara և Aviator մասնավոր ընկերություններին վերադարձնել 2012 թ. անօրինական ճանապարհով նրանցից բռնագրաված 3 միավոր Comp Air 8/10 ինքնաթիռ, 3 միավոր EXEC 162F ուղղաթիռ, ինչպես նաև 10 ուղղաթիռի հավաքման համար պահեստամասեր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը:

Մինչև 2012 թ. Fly Adjara ընկերությունը Բաթումիի օդանավակայանում ուներ 10 միավոր Exec 162 ուղղաթիռ: Նույն օդանավակայանում տեղակայված էին նաև Aviator ընկերության 1-ական միավոր Comp Air 8 և Comp Air 10 ինքնաթիռ և 3 միավոր Exec 162 ուղղաթիռ:

Սակայն 2012 թ. Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի և ռազմական ոստիկանության անօրինական ճանապարհով բռնագրավել են նշված տեխնիկան և տեղափոխել Վրաստանի պետական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի «31-րդ ավիագործարան»:

5 տարի տևած հետաքննության արդյունքում Վրաստանի գլխավոր դատախազությունը ՊՆ-ին պարտադրել է վերադարձնել ինքնաթիռները, 3 ուղղաթիռ, ինչպես նաև ևս 10 ուղղաթիռի հավաքման համար պահեստամասեր: Սակայն առայժմ չի նշվում, թե տեխնիկայի բռնագրավման համար ով պետք է պատասխանատվություն կրի: Բռնագրավման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարը Դմիտրի Շաշկինն էր:

Ավելացնենք, որ տարօրինակ զուգադիպությամբ, «Դելտան» 2015 թ. ներկայացրել էր սեփական արտադրության անօդաչու թռչող ուղղաթիռ, որի հիմքում ընկած էր հենց նշված Exec 162 ուղղաթիռը:

Այս խորագրի վերջին նյութերը