Կարծիք

17.12.2010 12:09


Հայկական հասարակության մեջ տարածված «Երրորդ ուժի» առասպելը

Հայկական հասարակության մեջ տարածված «Երրորդ ուժի» առասպելը

Այսօր մեր հասարակության մեջ մի առասպել է շրջում, թե պետք եղած ժամանակ, եթե պատերազմ սկսվի, Եվրոպան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը մեզ օգնելու են:

Ասեմ, որ  անկախ նրանից, թե դրսի ուժերը որքանով են շահագրգռված Արցախում «ստատուս քվո»-ն պահելու հարցում՝միևնույն է նրանք չեն պահելու մեր հողերը:

Հարգվում է ուժը, այլ ոչ թուլությունն ու խեղճությունը: Ուժն է ծնում իրավունք։ Եթե մենք ունենանք կայուն և առողջ քաղաքականություն, զարգացող տնտեսություն, ուժեղ և մարտունակ բանակ, ապա չեն լինի ո՛չ երրորդ ուժի կարիք, ո՛չ էլ ռազմատենչ հայտարարություններ Ադրբեջանի կողմից: Հիշենք 1991-94թթ., երբ այդ նույն Ռուսաստանն օգնում էր Ադրբեջանին զենքով ու մեզ էլ էր օգնում ... զենքով։

Իսկ ի՞նչ է փոխվել այժմ։ Մեր պարագայում ուրիշի օգնության վրա հույս դնելը նշանակում է պարտվել առանց պատերազմի:  Արցախյան հակամարտության ժամանակ Բաքուն էլ էր հույսը դրել  և փորձել ՄԱԿ-ի օգնությամբ հետ բերել Քարվաճառը (Քելբաջար), ու չնայած նրա համառ փորձերին՝ մենք պահեցինք արյունով ազատագրած հողը:

Այսօր կարծես տեղերով փոխվել ենք ու մենք ենք հույսներս դնում ուրիշի վրա, իսկ դա դեպի պարտություն տանող ճանապարհ է։ Պատմության մեջ չեն եղել նման դեպքեր, երբ  խաղի կանոնները թելադրի պարտվող կողմը։ Փաստորեն, մեր ազգը դեռ չի սովորել օգտվել հաղթանակներից:  Կարծես թե Արցախում տարած հաղթանակից հետո պիտի արթնանայինք դարավոր քնից, ուշքի գայինք, սակայն եկան լևոնները և նրանց նմանները, ու նորից  հայի սրտի մեջ վախ ներշնչեցին:

Եվ դա այն ժամանակ, երբ մե՛նք, մե՛նք ենք հաղթող կողմը, այդ մե՛նք ենք դուրս եկել  յոթմիլիոնանոց թշնամու դեմ և հերոսաբար հաղթել, ու մե՛նք պիտի որոշենք խաղի կանոնները: Հերիք է լացել և մեր տնտեսական հետամնացությունը պատճառաբանել բնական պաշարներ չունենալով ու Ղարաբաղի խնդրով: Իսկ ով է ասել, թե մենք չենք կարող օգտագործել մեր մտավո՛ր պաշարները։

Մի խոսքով՝ մեր փրկությունն ուժեղ լինելն է, ոչ թե երրորդ ուժը։

Լեոնիդ Հայրապետյան

Այս խորագրի վերջին նյութերը