Աշխարհ

01.06.2017 17:20


ԱՄՆ-ում ցուցադրել են աշխարհի հսկա բեռնատար ինքնաթիռներից մեկը (տեսանյութ)

ԱՄՆ-ում ցուցադրել են աշխարհի հսկա բեռնատար ինքնաթիռներից մեկը (տեսանյութ)

Ամերիկյան Stratolaunch ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռը, որը նախատեսվում է օգտագործել ինչպես ռազմական նպատակներով, այնպես էլ՝ վերնոլորտից (ստրոտոսֆերա) դեպի բաց տիեզերք հրթիռ-կրիչներ արձակելու համար: Ինքնաթիռը դեռևս պետք է անցնի տարբեր փորձարկումների փուլեր: Ամերիկյան ընկերությունը հայտարարությունը մայիսի 31-ին տեղադրել է իր կայքում: Այս մասին հայտնում է razm.info-ն։

Ինքնաթիռը իր կայանատեղիից դուրս է բերվել հենց նույն օրը՝ մայիսի 31-ին: Սակայն դեռևս վաղ է խոսել ինքնաթիռի շահագործման մասին, քանի որ այն պետք է անցնի ցամաքային և թռիչքային փորձարկումներ, որոնք երբեմն նույնիսկ տարիներ են տևում: Նախնական տվյալներով այն նախատեսվում է առաջին անգամ օդ բարձրացնել 2019 թ.:

Ինքնաթիռը բաղկացած է երկու նույնական կմախքներից (ֆյուզելյաժ): Թևերի 117 մետր բացվածքով և մարմնի 73 մ երկարությամբ Stratolaunch Model 351-ը աշխարհում խոշորագույնն է դառնում: Ինքնաթիռի թռիչքային զանգվածը շուրջ 590 տոննա է (589,6): Ինքնաթիռի արտաքին օգտակար բեռնատարողությունը 226 տոննա է: Սակայն այն նախատեսվում է հասցնել մինչև 250 տոննայի:

Stratolaunch-ը նախատեսված է նաև հրթիռ-կրիչներ տեղափոխելու համար, որոնք պետք է կախվեն երկու կմախքների միջնահատվածից: 2016 թ. հունիսին ամերիկյան ընկերությունը հայտնել էր, որ ինքնաթիռով նախատեսվում է տեղափոխել Orbital ATK Pegasus XL թեթև հրթիռ-կրիչներ՝ 3 միավոր:

Յուրաքանչյուր հրթիռ-կրիչը կշռում է շուրջ 23 տոննա և երկրի հիմնական ուղեծիր (երկրի մակերևույթից 160-2000 կմ հեռավորություն) դուրս բերել մինչև 443 կգ զանգվածով արհեստական արբանյակ: 1990 թ. այս թեթև հրթիռ կրիչը շուրջ 12 կմ բարձրությունից հիմնական ուղեծիր արձակվել է Stargazer L-1011 բեռնատար ինքնաթիռից: Ավելացնենք, որ սկզբնական շրջանում Stratolaunch ինքնաթիռը նախատեսվում էր կիրառել Falcon 9 ծանր հրթիռ-կրիչ արձակելու համար, որի միայն օգտակար բեռնատարողությունը կարող է կազմել մինչև 22 տոննա:

Այսպիսով, ինքնաթիռը նախատեսվում է կիրառել նաև «օդային մեկնարկ» արձակման եղանակով հրթիռ-կրիչներ բաց թողնելու համար: Այս եղանակով ինքնաթիռներից թեթև հրթիռ-կրիչներ արձակվում են դեռևս 160-ական թթ.:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը