Մեկնաբանություն

01.06.2017 10:10


Բյուջեն լցնելու ձև

Բյուջեն լցնելու ձև

Հետաքրքիր է՝ ամեն անգամ ընտրություններից հետո (և ոչ միայն այդ ժամանակ), երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները թռնում են մինչև «պատալոկ», ինչո՞ւ իշխանությունը չի ասում՝ գիտեք, լիքը փող ենք ծախսել, էդքան ընտրակաշառք ենք բաժանել, որ կարողանայինք «հաղթել» ու դրա համար հիմա ձեր ջանից ենք հանելու էդ գումարները: Բա այդ մասին էլ խոստովանեք:

Նման «հաղթանակը» ավելի մեծ վնաս է հասցնում ժողովրդի առողջությանը, որը նորից հայտնվում է ՀՀԿ-ի գերության մեջ ու դեռ հարց է՝ ծխելն է մահացու, թե «նժդեհականության» ճիրաններում դեպրեսիվ թպրտալը...

Հիմա հանկարծ իշխանությունը, օ՜, ինչպիսի հոգատարություն է դրսևորում ժողովրդի նկատմամբ: Երբ տոննաներով ադրբեջանական խնձորն «իր ոտքով» եկավ մտավ մեր տուն, այդ ժամանակ իշխանությունը քնած էր, հիմա հանկարծ հիշեց մեր առողջության մասին: Երբ մենք չենք կարողանում բժշկի դիմել՝ սահմանված «հոր գների» պատճառով, երբ սարսափում ենք հիվանդանոցային գներից, որոնց ծանոթանալուց քիչ է մնում տեղում մեռնենք, այդ հարցն էլ իշխանությանը չի հուզում: Ով փող ունի կարող է ապրել, ով չունի՝ կարող է մեռնել...

Կոմունալ վարձերի մասին էլ չեմ խոսում, թշվառ թոշակների ու աշխատավարձերի մասին՝ նույնպես... Էդ որ ամեն օր լսում ենք ինքնասպանությունների դեպքերի, կամ՝ այս ու այն կամրջից իրենց ցած նետելու փորձ կատարելու մասին, երևի, այդ հուսահատ մարդիկ թունդ ծխող են:

Այս հարցերը թողած՝ վա՛խ, հանկարծ հիշեցին ծխախոտի պատճառած վնասի մասին: Էս ի՜նչ գթասիրտ են, ա՛յ մարդ...

Ձեր գոյությունը հերիք է, որ մենք իսպառ կորցնենք մեր առողջությունը, իսկ դուք կարմրաթուշ, տռզած ֆռֆռաք... Բյուջեն լցնելու ուրիշ էլ ի՞նչ ձևեր եք մտմտում, ասեք՝ իմանանք, թե չէ՝ ձեզ ոչ մեր առողջությունն է հուզում, ոչ էլ առավել ևս՝ մեր կյանքը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը