Աշխարհ

31.05.2017 08:14


Մայիսի 31–ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մայիսի 31–ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:

Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում է տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:

Այժմ շատ երկրների ծխախոտի տուփերին առկա է մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունը ցույց տվող գրություն, ինչպես նաև ծխելուց հրաժարվելու կոչեր պարունակող նկարներ:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ, բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են` սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետև շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ և լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը