Մեկնաբանություն

29.05.2017 23:00


Գագիկ Հարությունյանին էլ Ազգային հերոսի կոչում տվեք, պրծեք, էլի՛

Գագիկ Հարությունյանին էլ Ազգային հերոսի կոչում տվեք, պրծեք, էլի՛

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Սերժ Սարգսյանը պետական պարգևներ հանձնեց «մի խումբ անձանց» (բայց ոնց որ մի քանի տասնյակ էին): Իր գլխին ամպհովանի պահող, պալատից լսվող ցանկացած փռշտոցիին դրականորեն արձագանքող մշակույթի գործիչներին կոչումներով ու մեդալներով «փոխհատուցելու» պահը շրջանցենք:

Ի դեպ, չնայած ՀՀ ժողովրդական արտիստի կոչում ստանալու համար իրենց պատեպատ խփող մարդիկ բավական ապահովված են, բայց դե, շատ են ուզում, որ պետության հաշվին լինի իրենց թաղումը (Աստված երկար կյանք տա նրանց): Այդ կոչման միակ առավելությունը դա է՝ ձրի թաղումը (ժողարտիստի կոչում ստացածների մեծ մասին ժողովուրդն իսկի չի էլ ճանաչում): Ինչևէ:

Մայիսի 28-ին պարգևատրվածների շարքում ուշագրավը մեկ այլ ոլորտի ներկայացուցիչներին պետական պարգևով զարդարելու պահն էր: Խոսքը «սահմանադրագիտության ռահվիրաներ» Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի մասին է: Երկուսին էլ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրեց (ճիշտ է, Թովմասյանի մասով հրամանագիրը եղել է անցած դեկտեմբերին, բայց քանի որ նա «տարածքում» չէր այդ ժամանակ, այսինքն՝ երկրից բացակայում էր, հիմա է ստանում իր մեդալը):

Այս երկու անձինք, ինչպես հայտնի է, երկու տարի տքնում էին Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում: Եվ Մայր օրենքը «բարեփոխեցին» ճիշտ այնպես, ինչպես ուզում էր Սերժ Սարգսյանը: Վարդան Պողոսյանի ու Հրայր Թովմասյանի մշակած «մարդակենտրոն» Սահմանադրության նախագիծը ընդունվեց կեղծիքներով (խայտառակ հանրաքվեն հիշում եք):

Նոր Սահմանադրության «բարեփոխիչ» ուժը կամ դրա զորությունը տեսանք ապրիլի 2-ի և մայիսի 14-ի համապետական և Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլերում և բուն քվեարկությունների օրերին: Ռեյտինգային համակարգի ներմուծումը խեղաթյուրեց ողջ ընտրական համակարգը, ընտրակաշառքը գրեթե օրինականացվեց (բռնությունների, վարչական ռեսուրսների՝ բացահայտ ցինիզմով օգտագործման մասին էլ չենք խոսում): Քաղաքականություն ասվածն էլ, կարծես թե, բնաջնջվեց իսպառ:

Մի խոսքով, այդ անձինք ոչ թե հայրենիքին, այլ Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար գնահատվեցին «ըստ արժանվույն»: Սահմանադրական այնպիսի փաստաթուղթ երկնեցին, որ ՀՀԿ-ն ու նրա ղեկավարը հավերժորեն պահեն իշխանությունը ու խոսեն 2040 թվի մասին:

Բա ո՞ւմ մեդալ տար, եթե ոչ Թովմասյանին ու Պողոսյանին: Չենք զարմանա, եթե վաղն էլ ՀՀԿ ղեկավարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին Ազգային հերոսի կոչում շնորհի՝ իշխանության հակասահմանադրական բոլոր քայլերը հիմնավորելու և բարեխղճորեն արդարացնելու համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը