Մեկնաբանություն

26.05.2017 00:05


«Յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում

«Յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում

Առավոտյան արթնացանք ու տեսանք, որ մեր շենքի դիմացի դեղատունը փակվել է:

«Էս ի՞նչ բան էր, ա՛յ մարդ»,-եղավ առաջին արձագանքս:

Զարմացա այն պատճառով, որ մեր փողոցում էլի մի քանի դեղատուն կա, բայց միայն այդ դեղատնում էին գները մատչելի (մնացածում՝ նկատելիորեն թանկ): Շրջակայքում եղած դեղատներից փակվեց միայն այն, որտեղից հնարավոր էր դեղ գնել. օգտվում էին թե՛ թոշակառուները, թե՛ գործազուրկները, և, ընդհանրապես, սոցիալապես անապահով խավը:

Մի խոսքով, չդիմանալով հարակից դեղատներում առկա գիշատիչ գների մրցակցությանը՝ «վարի գնաց»: Թաղամասն սպասում էր, թե այդ տեղում ինչ է լինելու: Չանցած մի քանի օր՝ «ռեմոնտչիկների» խումբը հայտնվեց, ու սկսեցին ակտիվորեն աշխատել: Ներսն ու դուրսը մի լավ սիրունացրին՝ ժամանակակից գրասենյակային տեսքի բերեցին ու արտաքին տեսքը «զարդարեցին» մեծ ու գեղեցիկ, հրապուրիչ ու գայթակղիչ գովազդային մեծ պաստառներով: Վազեցինք կարդալու և հասկացանք, որ մեզ կողոպտող հերթական թակարդն են հիմնադրել:

-Ա՛յ ժողովո՜ւրդ, իմացե՛ք, ձեզ վարկեր ենք տալիս, էստի համեցեք, էստի համեցեք: Արագ, մի քանի րոպեում ձեր վարկը կձևակերպենք: Ոչ մի չարչարանք, ոչ մի քաշքշուկ, միայն անձնագիր ու սոցքարտ ներկայացրեք ու ստացեք 100-250 հազար դրամ վարկ՝ մեկ ամսվա ընթացքում մարելու պայմանով:

Հաջորդ օրը այս գրասենյակից մի քիչ վերևում գործող սուպերմարկետում պատահաբար տեսա, որ նմանատիպ վարկաբաշխության կետ էլ այստեղ է «բսնել»:

-Էստի համեցե՜ք, էստի համեցե՛ք..տոկոսադրույքը՝ 24, թոշակառուներին՝ կտանք 50 հազար՝ 1-2 տարի մարման ժամկետով:

Մի կանգառ վեր բարձրացա՝ տեսնեմ նույն՝ արագ ձևակերպման կետը: Մտածեցի՝ լա՛վ, եթե երկրում այսքան փող կա, ու «յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում, բա մինչև հիմա ինչո՞ւ էիք պահեստավորել էս փողերը:

Բնականաբար, մեր թաղամասում ապրողների զգալի մասը գործազուրկ է ու չի կարող ռիսկի դիմել ու թեկուզ ռեակտիվային ձևակերպման միջոցով ընկնել վարկի տակ, հետո ուշացնել, հետո՝ ուշացման համար վճարել և այդպես շարունակ: Իսկական կազինոյի տարբերակով մարդկանց գաղթակղում են, որ «խաղան», այն է՝ չդիմանալով գայթակղությանը՝ մի քանի րոպեում վարկը առձեռն ստանան, իսկ հետո՝ ընկնեն կրակը:

Այս ամենը չէի գրի, եթե չլսեի Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, երբ գովում էր հայերի բիզնես ջիղը. «Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։ Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը»:

Աղքատներիս համար ահա՛ այսպիսի նվազագույն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում մեր բացառիկ ձեռնարկատիրական ընդունակությունները իրացնելու համար:

Եթե մարդիկ աշխատանք չունեն, էժան դեղն ավելի լավ չէ՞ր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը