Կարծիք

16.12.2010 14:07


Խեղճի և թույլի հոգեբանություն

Խեղճի և թույլի հոգեբանություն

1918թ. մայիսի վերջերին, երբ վրացիները և Կովկասի թաթարները' ադրբեջանցիները, հռչակեցին իրենց անկախությունը, հայերն այդպես էլ չհամարձակվեցին հռչակել իրենց անկախությունը՝ վախենալով նեղացնել մեծ եղբորը, իսկ ավելի ճիշտ' տիրոջը: Հայերը միայն մեկ տարի անց' 1919թ. մայիսի 28-ին հռչակեցին Հայաստանի անկախությունը:

Անցել են տասնամյակներ, գրեթե հարյուր տարի, բայց նույնիսկ 1991թ. անկախության վերանվաճումից հետո հայերի մտածելակերպը էական փոփոխության չի ենթարկվել: Ինչո՞ւ հիշեցի անցած դարասկիզբը: Հիշեցի, քանի որ դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ բողոքի երթ' ընդդեմ բրիտանական «Macmillan children's books» հրատարակչության: Բանն այն է, որ այս հրատարակչությունը հանրագիտարանում Հայաստանի և հայերի մասին, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկություններ է հրապարակել: Հետո էլ ռուսական «Махаон» հրատարակչությունը վերցրել և թարգմանել է այս հանրագիտարանը: Երթի մասնակիցները, շրջելով Երևանի փողոցներով, զայրույթով լի նամակ են հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի դեսպանություններին: Նամակի միջոցով երթի մասնակիցները դեսպաններին հորդորում են միջամտել հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունների հերքման պահանջի իրականացմանը՝ կանխելով հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծիքի տարածումը: Կարելի է միայն ողջունել երթի մասնակիցներին, որոնք պայքարում են անարդարության դեմ: Այսուհանդերձ տարօրինակ է, որ հանրագիտարանի դեմ բողոքում են, բայց Ռուսաստանում կատարվող իրադարձությունների դեմ որևէ մեկը չի բողոքում: Չմոռանանք, որ զանգվածային անկարգություններով են ավարտվել դեկտեմբերի 11-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ֆուտբոլային ֆանատների չարտոնված հանրահավաքները, որոնք նվիրված էին դեկտեմբերի 6-ին Մոսկվայում հրազենային վնասվածքից մահացած Եգոր Սվիրիդովի հիշատակին: Նա Մոսկվայի «Սպարտակի» երկրպագու էր: Մոսկվայում մոտ երեք հազար ֆանատներ ճեղքել են ոստիկանական շղթան: Անկարգությունները սկսվել են, երբ ցույցի մասնակիցները հարձակվել են ոչ սլավոնական արտաքինով անցորդների վրա, որոնց թվում եղել են նաև հայ պատանիներ:  Նմանատիպ անկարգություններ են տեղի ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում:

Կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե չի կարելի մի քանի ծեծ կերած երիտասարդների համար փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Ոմանք էլ մտքներում, շատ թաքուն կմտածեն, թե ափսոս, Անգլիայում ևս հայերի վրա չեն հարձակվել, որ բողոքի երթի ժամանակ անցնեինք նաև Ռուսաստանի դեսպանության մոտով: Մի խոսքով, իրականությունն այսպիսին է, որ մենք մեր իսկ գումարներով Հայաստանում պահում ենք ռուսական ռազմական հենակայանը և միաժամանակ չենք համարձակվում բողոքել Ռուսաստանում հայերի դեմ իրականացվող հարձակումների դեմ: Իսկ Ռուսաստանում վերջին տարիներին հայերին ոչ միայն ծեծի են ենթարկել, այլ նաև սպանել են: Այս ընթացքում ՀՀ արտգործնախարարությունն այդպես էլ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Այսօր լռում է նաև ընդդիմությունը: Այսքանից հետո Կրեմլը հայերի և Հայաստանի նկատմամբ ոչ թե հարգանքով կլցվի, այլ միայն արհամարհանքով: Մի՞թե կարելի է հարգել մի ժողովրդի, որը կուրորեն նետվում է քո ոտքերի տակ' հանդուրժելով վիրավորանքն ու ստորացումը: Բրիտանական հրատարակչության դեմ բողոքողները եթե չծուլանան, կմտնեն երևանյան որևէ գրախանութ և կհայտնաբերեն, որ ռուսական գրեթե բոլոր հրատարակությունները Ստեփանակերտը նշում են Խանքենդի, իսկ Շուշին' Շուշա: Հարգանքի չի կարող արժանանալ նաև այն երկիրը, որն իր չունեցածը գռոշներով կամ ծիծաղելի պարտքի դիմաց հանձնում է մեկ այլ երկրի: Ընդդիմությունը ռազմական հենակայանների մասին Ռուսաստանի հետ վերջերս կնքված պայմանագրի դեմ հանդես եկավ կցկտուր քննադատություններով: Պատճառն էլ այն է, որ նույն ընդդիմությունը ևս ինչ-ինչ պատճառներով չի հանդգնում քննադատել մեծ եղբորը: Կարելի է կռահել, որ եթե հայաստանյան ընդդիմությունը համարձակություն կամ ցանկություն ունենար քննադատելու կամ դեմ արտահայտվեր այս պայմանագրին, ապա Սերժ Սարգսյանը կկարողանար մի փոքր մանևրել և շատ ավելի լավ պայմաններով պայմանագիր կնքել, եթե, իհարկե, նման ցանկություն ունենար: Գործող վարչախումբը, ընդդիմությունն այս հարցում, անկասկած, արժանի են քննադատության, բայց չմոռանանք, որ վարչախումբը և ընդդիմությունն իրենց բոլորովին այլ կերպ կդրսևորեն, եթե ժողովրդի գերակշիռ մասը Ռուսաստանը չընկալի որպես տիրոջ, իսկ Հայաստանը' ծառայի: Ավելին, քիչ չեն նրանք, ովքեր մինչ օրս Հայաստանն ընկալում են Ռուսաստանի ծայրագավառ և նույնիսկ հայ պաշտոնյաների դեմ բողոքի նամակ են ուղարկում Ռուսաստանի ղեկավարներին: Արցախյան պատերազմում տարած հաղթանակից հետո իշխանությունները հրաշալի հնարավորություն ունեին փոխելու դարերի ընթացքում ստորացված հայ ժողովրդի աշխարհընկալումը, մտածողությունը, բայց դրա փոխարեն սկսվեցին ներքին գզվռտոցները, հարստության բաժանումները, որը շարունակվում է մինչ օրս: Այնպես որ, մինչև Հայաստանում երկրի կառավարմանը չմասնակցեն առողջ, իսկապես երկրի ապագայով մտահոգ մարդիկ և ուժեր, այս հարցում որևէ տեղաշարժ չի լինի: Եվ ինչպես լինի, եթե ՀՀ քաղաքացիների գրեթե կեսն այսօր ապրում է Ռուսաստանում, իսկ մի հատվածն էլ սնվում է այնտեղից ուղարկված գումարներով:

ՎԱՐԴԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ        

Այս խորագրի վերջին նյութերը