Քաղաքական

16.12.2010 13:50


Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մարտիմեկյան դեպքերի կապակցությա՞մբ է աշխատանքից հեռացվել

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը  մարտիմեկյան դեպքերի կապակցությա՞մբ է աշխատանքից հեռացվել

«Հայելի» մամուլի ակումբում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել է, թե ՀՀ նախագահը մի շարք դեպքերում հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին՝ բացահայտել այս կամ այն հանցագործությունը և պատժել մեղավորներին, բայց հնարավոր է, որ հանրապետության նախագահը հանձնարարականը տա, սակայն իրավապահ մարմիններն ի վիճակի չլինեն՝ չկարողանան բացահայտել։

-Մինչև հիմա այդպիսի դեպքեր կան, որ բացահայտել են, պատժել են, կան դեպքեր, որ չեն կարողացել, չեն բացահայտել և չեն պատժել: Հետևաբար ամեն հարցում հանրապետության նախագահին մեղադրել, թե հանրապետությունում տեղի ունեցավ այսպիսի մի դեպք և հետո չբացահայտվեց, ճիշտ չի՛ լինի: Հանրապետության նախագահը չի կարող ամեն մի հարցով անձամբ զբաղվել, կամ զբաղվի էլ, նա իրավապահ մարմնի հմտությունը չունի, որ կարողանա բացահայտել: Եթե իրավապահ մարմինները չեն բացահայտում, անպայման նրանց պետք է պատժի ենթարկել։ Եթե հիշում եք, ես չէի ուզում նորից այդ թեման բացել, մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ, երբ սխալներ էին տեղի ունեցել, սխալ զենք էր օգտագործվել, մարդիկ էին զոհվել այդ պատճառով և այլն, նա հանձնարարեց, և միաժամանակ պատժեցին ոստիկանության պետին, աշխատանքից հանեցին և այլն: Ճիշտ է, անունը դա չդրվեց, բայց բոլոր դեպքերում նախագահի նախաձեռնությունն էր դա՝ ազատել աշխատանքից,-ընդգծել  է նա:

Նույն ասուլիսին ներկա ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ հարցերել է, թե ո՞ր ոստիկանապետին են ազատել այդ կապակցությամբ։ Ռաֆիկ Պետրոսյանն էլ պատասխանել է՝ Հարությունյան Հայկին:

«7օր»-ը ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին հարցրել է՝ ճի՞շտ են արդյոք Ռաֆիկ Պետրոսյանի պնդումենրը, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ են ազատել աշխատանքից։

Մեր հարցին Արմեն Արզումանյանը խոստացավ պատասխանել մեկ ժամից, սակայն մեկ ժամ անց նրա հեռախոսն արդեն անհասանելի էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը