Մեկնաբանություն

16.12.2010 13:34


Իսկ նման արարքները թույլատրելի՞ են

Իսկ նման արարքները թույլատրելի՞ են

Շատ հաճախ ենք տեղեկանում, որ անհայտ անձը զանգահարել ու հայտնել է, թե   Պետական եկամուտների կոմիտեում ռումբ է տեղադրված, բայց համապատասխան մասնագետները, ժամանելով դեպքի վայր, պարզել են, որ ահազանգը կեղծ էր։

Օրերս մամուլում գրվեց, որ այն անհայտը, ում սիրած զբաղմունքը ՊԵԿ զանգահարելն ու աշխատակիցներին ահաբեկելն է, այնքան էլ անհայտ մեկը չէ, այլ Մաքսայինի նախկին պետ, տխրահռչակ Արմեն Ավետիսյանի հայրն է։ Ու քանի որ Արմեն Ավետիսյանի հսկայական դղյակից չհերքվեց այդ տեղեկությունը՝ ենթադրվում է, որ այդ ամենը ճիշտ է։

Փաստորեն ստացվում է, որ Ա. Ավետիսյանի հայրը շատ ծանր է տանում որդու գործազրկությունը և որոշել է «սերիական ահազանգողի» կարգավիճակով վրեժխնդիր լինել Սերժ Սարգսյանից, ով հեռացրեց աշխատանքից իր որդուն։ Նմանատիպ արարքը, ինչպես հայտնի է, քրեորեն պատժելի է, բայց ոստիկանությունում որևէ գործ այս առումով չի հարուցված։

Վերջին շրջանում տեղի ունեցած ներիշխանական զարգացումների ֆոնին ու մոդայիկ դարձած «անթույլատրելի ու անհանդուրժելի»  երևույթների դեմ պայքարի շրջանակներում հետաքրքիր կլիներ տեսնել, թե Սերժ Սարգսյանի համար ընդունելի՞ են կեղծ ահազանգերն ու դրանց  կազմակերպիչները։

Ի դեպ, Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանն այն պաշտոնյաներից էր, ով, ըստ մամուլի հրապարակումների,  համարվում էր Սերժ Սարգսյանի հիմնական բիզնես գործընկերը, երբ վերջինս պաշտպանության նախարար էր։ Ասում էին, որ  Ավետիսյանը  վերահսկում էր, որպեսզի օձն իր պորտով և հավքն իր թևով չկարողանար հատել ՀՀ մաքսային սահմանը կամ, այլ խոսքերով, առանց «դաբրոյի» ապրանք չներմուծեր, եթե տվյալ ապրանքը գտնվում էր իշխանական կլանի այս կամ այն ներկայացուցչի շահերի տիրույթում։

Արմեն Ավետիսյանի մասին ասում էին նաև, որ նա էր կազինոներ փող հասցնում, երբ համապատասխան պաշտոնյան մեծ գումարներ էր պարտվում։ Ու հիմա հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանի մոտ կգերակայեն նախկին (ներկա՞) «ախպերական» զգացմունքները և կեղծ ահազանգերի հեղինակը կպրծացնի իր գլուխը թեթև վախո՞վ, թե՞ Սարգսյանը կգնա «անթույլատրելի ու անհանդուրժելի» երևույթների դեմ պայքարի ուղղությամբ, ինչի մասին հիմա դեմագոգիկ կերպով քարոզում են պալատական քարոզիչները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը