Աշխարհ

25.05.2017 10:40


Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժանորեն սպանված Քյարամ Սլոյանի հարազատը՝ ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ հարձակման էր ենթարկվել:

«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», - Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը «Ամերիկայի Ձայն»-ին համաձայնել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ դրան նախորդած բոլոր մանրամասները.

«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջեւ, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:

Սպիտակ տան առջեւ ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ եւ հատուկ ջոկատայիններ.

«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջեւ եւ բնականաբար որեւիցե կերպ չէինք սադրում»:

ԱՄՆ-ի հայ, քուրդ եւ եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջեւի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջեւ բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջեւից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:

«Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արեւային ակնոցներով եւ զինվորական կոշիկներով»:

Լյուսի Ուսոյանի խոսքով՝ այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ եւ սկսեցին հարվածել: Տեսագրությունում երեւում է՝ ինչպես են մի քանի տղամարդ հարվածում գետնին ընկած կարմիր վարտիքով Լյուսիին.

«Հանկարծ ես գետնին հայտնվեցի՝ չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, եւ հաջորդ բանը որ հիշում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետեւ գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Արամ Համբարյանն է ինձ օգնել ոտքի կանգնել, եւ ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ, մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»:

Հարվածներից Լյուսի Ուսոյանը տրավմատիկ ուղեղի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ.

«Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, տեսագրությունում երեւում է, ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»:

Ուսոյանի խոսքով՝ ցուցարարները որեւէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու Էրդողանի քննադատությունն էին բարձրաձայնում փողոցի հակառակ կողմում.

«Միգուցե, նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ: Սակայն մենք ապրում ենք ժողովրդավար ժամանակաշրջանում, սա 21-րդ դարն է, եւ անհրաժեշտ է հանդուրժող լինել կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում»:

Շատերի նման Լյուսին տեղի ունեցածն անընդունելի է համարում.

«Մեր համոզմամբ՝ ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել Ամերիկայի քաղաքացիների եւ անպատասխան մնալ»:

Էրդողանի դեմ բողոքի ցույցի Ուսոյանը դուրս էր եկել պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում.

«Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ, եւ որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիքն է դարձել»:

Լյուսի Ուսոյանը երեք տարեկան էր, երբ ծնողների հետ հեռացավ Հայաստանից, սակայն Հայաստանում են նրա բազմաթիվ բարեկամներ, որոնցից մեկն էր նաեւ քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը.

«Մենք՝ բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի, արդարություն եւ Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»:

Այս խորագրի վերջին նյութերը