Աշխարհ

24.05.2017 08:08


Վրաստանում խստացվում է զինծառայությունից խուսափելու համար պատասխանատվությունը

Վրաստանում խստացվում է զինծառայությունից խուսափելու համար պատասխանատվությունը

Մայիսի 23-ին Վրաստանի խորհրդարանի մի քանի հանձնաժողովներ հավանություն են տվել զինծառայությունից խուսափելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլի ներկայացած նախագիծը։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը։

Նոր նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից փաստաթղթերի, հիվանդությունների կեղծման, ինքնավնասումի, խաբեության կամ այլ ձևով զինծառայությունից խուսափելու դեպքում քաղաքացուն սպառնում է տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում։ Համապատասխան փոփոխություն կկատարվի Վրաստանի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածում:

Նախաձեռնությունը կապված է «Վրացական քրիստոնեական, ավետարանչական, բողոքական «Աստվածաշնչյան ազատություն» եկեղեցու» շուրջ ձևավորված սկանդալի հետ։ «Եկեղեցին» ստեղծվել է վրացական «Գիրչի» քաղաքական կենտրոնի կողմից և օգտագործվում էր զորակոչային զինծառայությունից խուսափելու համար։

Խնդիրն այն է, որ Վրաստանում զինծառայութունից ազատվում են հոգևորականները և հոգևոր ուսումնական հաստատությունների ուսանողները։ «Գիրչի» կենտրոնի ակտիվիստները, ովքեր պաշտոնապես գրանցել էին եկեղեցին, սկսել էին բոլոր ցանկացողներին բաժանել հոգևոր կոչումներ, որոնցով երիտասարդները մեխանիկաբար ազատվում էին զորակոչից։ Սա Վրաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել, շատ քաղաքական գործիչներ «եկեղեցին» փակելու կոչերով էին հանդես եկել։

Օրենքի փոփոխության նախագիծը հավանության է արժանացել պաշտպանության և անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրացիայի հանձանաժողովների համատեղ նիստի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը