Մեկնաբանություն

23.05.2017 13:10


Հասա՞վ իր ուզածին Սերժ Սարգսյանը

Հասա՞վ իր ուզածին Սերժ Սարգսյանը

Հարցի պատասխանի վերաբերյալ տեսակետ հայտնելու համար նախ պետք է հստակեցնել, թե որն է Սերժ Սարգսյանի ուզածը: Պարզից էլ պարզ է՝ իշխանություն: Ընդ որում՝ որքան բացարձակ, այնքան լավ: Այդ մասին նա ևս մեկ անգամ հայտարարեց ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ:

Իշխանությունը շատ չի լինում: Այն միշտ նորանոր տարածքներ է փորձում գրավել և խախտել հասարակության ու պետության միջև հաշվեկշիռը: Եթե հանրությունը դիմադրում է, ապա ստանում ենք ժողովրդավարական պետություն և վերահսկելի իշխանություն, իսկ եթե հանրությունը չի դիմադրում, ապա կարող է նույնիսկ տոտալիտար պետություն ձևավորվել, որտեղ հանրությանը կթույլատրվի անել այն, ինչ թույլատրվում է իշխանության գծած օրենսդրական դաշտով:

ՀՀԿ ղեկավարը ձգտում է բացարձակ իշխանության, ու դա նրան հաջողվում է այնքանով, որքանով դիմադրության չի հանդիպում:

Իշխանություն Սարգսյանն ունի շատ վաղուց, բայց նա հիմա պայքարում է դրա ձևը, չափն ու բովանդակությունը փոխելու համար:

Սահմանադրական փոփոխություններն ու ԱԺ վերջին ընտրությունները լուրջ քայլ էին բացարձակ իշխանություն հաստատելու ճանապարհին:

Ուշագրավն այն է, որ նոր Սահմանադրությունն ընդունվեց ավելի շատ հինը վերացնելու, քան նոր խաղի կանոն սահմանելու համար: Ի դեպ, նոր խաղի կանոնն անորոշության ու անկայունության հսկայական բազա ունի և մշտական սպառնալիք է անգամ այն ներդրողի համար:

Նոր խորհրդարանի ձևավորման հիմքում խորհրդարանը, որպես այդպիսին, ապաքաղաքական մարմին սարքելն էր: Եվ դա՝ «խորհրդարանական» կոչված համակարգի պայմաններում:

Եվ այսպես, Սարգսյանը տեխնիկական ու տեխնոլոգիական առումներով մոտեցել է իր ուզածին, սակայն խնդիրն այն է, որ իշխանության ձևի, չափի ու բովանդակության փոփոխությունը բազմաթիվ չհաշվարկված գործոնների ազդեցության տակ կարող է հակառակին հանգեցնել: 2018-ին պլանավորած վերարտադրությանը կարող են խանգարել ինչպես այսօրվա հլու-հնազանդ խորհրդարանը, այնպես էլ այլ գործոնները, որոնք քաղաքական ու տնտեսական բնույթի են: Էլ չասած արտաքին ֆորսմաժորային զարգացումների ազդեցության մասին:

Այս պահին Ս. Սարգսյանն, այսպես ասած, ձիու վրա է: Խորհրդարանում չկա իրեն հակադրվող ուժ: Ավելին՝ «նոր ընդդիմադիր» հռչակվածներն իրար գլուխ հավաքված հին հաճախորդներն են, որոնց մտցրել են խորհրդարան, որպեսզի սրանք անհրաժեշտ պահին կռիվ տան բացարձակ իշխանությունը վիճարկող որևէ սուբյեկտի դեմ, եթե այդպիսին ի հայտ գա իշխանության ներսից կամ դրսից:

Սարգսյանը ձիու վրա է, բայց դա շատ խաբուսիկ է, քանզի չեն հաղթահարված ներքին ու արտաքին լուրջ խնդիրները: Եթե դրանց մասին խոսող չկա, ապա դա չի նշանակում, որ խնդիրները լուծված են: «Չկա խնդրի մասին խոսող, չկա խնդիր» բանաձևը չաշխատող է նախ այն պատճառով, որ խոսող միշտ էլ կգտնվի, բացի այդ՝ խնդիրներն այնքան լուրջ են, որ լրացուցիչ խոսքի կարիք չեն զգում: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ խնդիրների մասին խոսես թե չխոսես, դրանք, միևնույն է, պայթյունների տեսքով դրսևորվելու հատկանիշ ունեն, և ջայլամային քաղաքականությունն այստեղ չի օգնում:

2018-ի ապրիլից Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են: Ավարտվում են Սահմանադրության ուժով: Նա հաղթել է իր հակառակոդներին, սակայն պարտվում է մեր երկրի գլխավոր թղթին (փաստորեն, թղթերով իրոք ամեն ինչ կարգին է Հայաստանում) և գոնե ժամանակավոր պետք է մնա առանց լիազորության: Իսկ բնության մեջ, ինչպես հայտնի է, չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը:

Սարգսյանն ուժեղ է սահմանադրական լիազորությամբ: Սահմանադրական լիազորությունների ավարտից անմիջապես հետո նա կմնա ՀՀԿ նախագահ, ով ուզում է երկարաձգել իր ղեկավարումը պետական կառավարման համակարգում: Իսկ առանց ՀՀ նախագահի լիազորությունների՝ ՀՀԿ նախագահը լրիվ այլ բան է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Նոր Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունը խորհրդարանի կողմից նոր նախագահի նշանակումից հետո պետք է հրաժարական տա, որից հետո ձևավորվի նոր Կառավարություն: Այ հենց այդ փուլում էլ նոր Սահմանադրությունը ցույց կտա իր իսկական դեմքը: Կսկսվի, պատկերավոր ասած, բրոունյան շարժում ինչպես ԱԺ-ում, այնպես էլ դրա պատերից դուրս: Եթե հանրությանն էլ շահագրգիռ ուժերը մասնակից դարձնեն այդ բրոունյան շարժմանը, ապա այսօրվա հաղթողական տրամադրությունից կարող է բան չմնալ:

Այնպես որ, հասե՞լ է արդյոք Սարգսյանն իր նպատակին՝ անդեմ խորհրդարան ձևավորելով և ամայացնելով քաղաքական դաշտը, դժվար է ասել: «Հերձումը» ցույց կտա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը