Հարցազրույց

23.05.2017 10:08


Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը:

Մոնիկան երբեք հրապարակայնորեն չի խոսել իր մասին, չի պատմել իր կյանքի հանգամանքները, հարցազրույցներ չի տվել, չի կիսվել իր զգացողություններով և «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տված բացառիկ այս հարցազրույցը առաջինն է:

-Կպատմե՞ս ճանապարհի մասին, որ անցար. դու սովորում էիր Երևանի պետական համալսարանում...

-Այո՛, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Մի օր, երբ ընկերներս ինձ հրավիրել էին իրենց հարսանիքին Ֆրանսիա, Լիոն, ես օգտվեցի առիթից ու գնացի Լիոնի «Լյումիեր» համալսարան՝ հետաքրքրվելու քաղաքագիտության մագիստրատուրայի ընդունելության գործընթացով: Ես, հավանաբար, հաջողակ էի, որ հանդիպեցի պատասխանատու մարդկանց ու քննարկեցինք փոխանակության ծրագրով ուսանելու խնդիրը, և երբ որոշումը կայացվեց ու ես պետք է տեղափոխվեի Ֆրանսիա՝ շարունակելու ուսումս, երջանիկ էի, որովհետև մտովի ես իմ մանկության այն օրերի հետ էի, որոնք անցկացրել էի այդ երկրում: Ես մտածում էի, որ ինչ-որ բան այն օրերին կիսատ էի թողել, որին դեռ պետք է հասնեի:

-Ֆրանսիան ձգում էր, որովհետև մանկությանդ հուշերը Ֆրանսիայի հետ էի՞ն կապված, թե...

-Այո՛, իմ մանկությունն ինձ կանչում էր Ֆրանսիա: Գիտեք, որ ես շատ թանկ հիշողություններ ունեմ Ֆրանսիայի հետ կապված: Մանկությանս օրերին ես այնտեղ ապրում էի իմ ընտանիքի, հայրիկիս հետ...: Դրանք իմ կյանքի անմոռանալի էջերն են:

-Ի՞նչն է ամենաշատը տպավորվել մանկությանդ օրերից:

-Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել և դրա համար պարտական եմ ծնողներիս: Իմ մանկության հիշողությունները հիմնականում շաղկապված են ֆուտբոլի հետ, քանի որ մենք շատ էինք կապված հորս հետ և ամենափոքր տարիքից հաճախում էինք նրա բոլոր խաղերին: Հետաքրքիր է, որ ֆուտբոլային թեման իմ կյանքում այսօր էլ է:

-Ի՞նչ տվեց այդ ճանապարհը քեզ:

-Նախ ասեմ, որ այդ ճանապարհն ինձ հեշտ չի տրվել: Հեշտ չի եղել պրոֆեսիոնալ կարիերայի իմ ճանապարհը: Ես համառորեն սովորել եմ թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում: Ինձ ասում էին, որ ես «տրուդագոլիկ» եմ: (Ծիծաղում է): Տատիկս, մայրս, եղբայրս ինձ անընդհատ ասում էին, որ ինձ հանգստանալ է պետք, թուլանալ: Ես կարծում եմ, որ կյանքում ոչ մի բանի հնարավոր չէ հեշտությամբ հասնել, բայց նաև կարծում եմ, որ որևէ անհնարին բանի հասնելը անհնար չէ, եթե, իհարկե, կա ցանկություն և համառորեն աշխատելու կարողություն: Իհարկե, երբեմն պետք է նաև հաջողակ լինել: Ես ինձ հաջողակ համարում եմ, քանի որ իմ կյանքում միշտ եղել են մարդիկ, որոնք պատրաստ են եղել օգնելու ինձ:

-Սովորեցիր և Հայաստանում և Ֆրանսիայում. ի՞նչ տարբերություններ էիր տեսնում ուսանողների, կրթական համակարգերի մեջ:

-Կրթական համակարգերն ու մտածողությունները տարբեր էին: Հայաստանից ավելի շատ տեսական գիտելիքներ էի ստացել: ֆրանսիայում սովորեցի վերլուծել, մտածել: Կարծում եմ, որ այդ հմտությունները պետք է լավագույնս համատեղել:

-Կա՞ մի բան, որ որոշիչ կամ ճակատագրական է եղել քո կյանքում:

-Գուցե Ձեզ ծիծաղելի թվա, բայց ես մի մարդ եմ, որը սիրում է երազել: Իսկ գուցե առավել ծիծաղելի հնչի, եթե ասեմ, թե հավատում եմ, որ իմ բոլոր երազանքները կարող եմ իրականացնել: Կարծում եմ, որ գլխավորը հավատալն է, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, իսկ ամենամեծ երազանքներիդ մասին մտքերդ առաջին հայացքից միշտ ծիծաղելի են թվում: Կարծում եմ, որ իմ ընթացքի համար կարևոր նշանակություն ունեցավ իմ համալսարանական պրակտիկան ՈՒԵՖԱ-ում, որն իմ առջև ֆուտբոլային աշխարհի դռները բացեց դեպի ներս:

-Դեպի ֆուտբոլի աշխարհ ընտրությունը ենթագիտակցորեն է՞ր, թե մտածված ընտրություն էր:

-Հավանաբար, շատ բնական ընտրություն էր: Գիտեք, որ մեր ընտանիքի շարժիչ ուժը լուսահոգի հայրս է և այս ընտրությունը միշտ նրա հետ լինելու ճանապարհն է: Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է: Նրանում ինչ-որ հատուկ մի բան կա ու ես սիրում եմ այն: Երբ տանը ֆուտբոլ եմ նայում, ինձ թվում է, որ ես երաժշտություն եմ լսում նրանում:

-Ի՞նչ է նշանակում երիտասարդ աղջկա համար լինել ընտանիքից, երկրից հեռու ու կայանալ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

-Մենք նոր, ժամանակակից աշխարհում ենք ապրում: Իմ ընտանիքը երբեք անձնական էգոիզմով չի առաջնորդվել՝ ասել է թե՝ պահել ինձ իրենց կողքին և խոչնդոտել իմ զարգացմանը: Աշխարհաքաղաքական ներկա փոխակերպումներում տեղաշարժերը որևէ մեկին չեն զարմացնում: Այլ հարց է, որ մեր երկիրը միջոցներ պետք է գտնի՝ պահպանելու մեր երիտասարդ տաղանդներին: Օտար երկրում կայանալն ու զարգանալը շատ ու շատ ավելի բարդ է, քան հայրենիքում: Բնավորություն, վճռականություն և նպատակասլացություն է հարկավոր հաջողության հասնելու համար:

-Շատ հետաքրքիր ուղի ես անցել, երկար ժամանակ լինելով Եվրոպայի թիվ մեկ ֆուտբոլային ղեկավարի կողքին: Ի՞նչ ժամանակներ էին դրանք քեզ համար: Ինչպե՞ս ես հիշում:

-Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի հետ աշխատելու փորձը, վստահ եմ, կմնա իմ կյանքի ամենակարևոր իրողություններից մեկը: Ես անչափ շնորհակալ եմ Միշել Պլատինիին, որովհետև նա ինձ հնարավորություն տվեց իր թիմում զարգանալ, կայանալ:

-Արդյոք դժվար է՞ լինել այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլային աստղի քույրը:

-Միշտ հաճելի է, երբ մարդիկ գիտեն քո ազգանունը և խոսում են եղբորդ մասին: Նա մեր պարծանքն է՝ թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ:

-Կբնութագրե՞ս Հենրիխին:

-Նա շատ օրինակելի է իր գործում ու շատ զգայուն մարդ, բայց խղճահարության նշույլ անգամ չունի խաղադաշտում: Երբեմն նրան անվանում եմ «վարձու մարդասպան»: Նա միշտ կամ մահացու փոխանցում է անում դեպի դարպասը կամ՝ նպատակային կրակոց: Ինձ համար, իհարկե, նա իմ կրտսեր եղբայրն է, որի հետ ես կարող եմ խենթություններ անել ու հաճույք ստանալ: Նա իմ լավագույն ընկերն է:

-Ինքդ քեզ ինչպե՞ս կբնութագրես: Ով է՞ Մոնիկա Մխիթարյանը:

-Սա ավելի բարդ է: (Ծիծաղում է): Պրոֆեսիոնալ հարթությունում շատ հավակնոտ եմ ու արդյունքի ձգտող: Ես սիրում եմ տեսնել իմ ջանքերի արդյունքը: Անձնական կյանքում շատ ընտանիքամետ եմ, եթե կարելի է այդպես ասել: Ընտանիքն ամեն ինչ է իմ կյանքում:

-Որքա՞ն հաճախ եք կարողանում ընտանիքով միասին լինել և որտե՞ղ ավելի շատ. Երևանու՞մ, Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Անգլիայում:

-Ջանում ենք միասին լինել, երբ կարողանում ենք: Ավելի հաճախ հանդիպում ենք Մանչեսթերում, քանի որ Հենրիխը շատ է ճամփորդում: Դրանք միշտ ուրախության ու անկրկնելի զգացողությունների պահեր են:

-Ի՞նչն ես մարդու մեջ գնահատում առավել շատ: Ինչպիսի՞ն պետք է լինի մարդը ըստ Մոնիկա Մխիթարյանի:

-Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքնին շատ տաղանդավոր է և յուրաքանչյուր մարդ շատ հետաքրքիր է ինքնին: Ես սիրում եմ մարդկանց հետ կիսվել փորձով և ուսումնասիրել տարբեր մարդկանց փորձը: Մեր երկրում բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր մարդիկ կան և մենք պետք է կարողանանք օգնել նրանց կյանքում ինչ-որ բանի հասնելու:

-Որո՞նք են քո կյանքի կանոնները: Կարող ե՞ս գոնե հինգ կանոն թվարկել:

-Լինել զգայուն և երբեք չդատել մարդկանց, լինել բաց, բայց՝ շրջահայաց, լինել պատրաստված, գերազանցել ինքդ քեզ, լինել վճռական և հավակնոտ: Իսկ հինգերորդը՝ «ուղղակի արա»:

-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:

-Այս պահին աշխատում եմ ՈՒԵՖԱ-ում: Աշխատում եմ մի ծրագրում, որը խնդիր ունի աջակցել ազգային ասոցիացիաներին կոմունիկացիոն ռազմավարության ոլորտում: Ապագայում՝ չգիտեմ: Եթե մի օր թողնեմ ՈՒԵՖԱ-ն, գուցե զբաղվեմ իրենց պրոֆեսիոնալ կարիերայում ֆուտբոլիստներին աջակցելու հարցերով:

-Եթե նորից ընտրեիր կյանքը, կգնայի՞ր նույն ճանապարհով:

-Դժվար է ասել: Իրականում՝ չգիտեմ: Ես գոհ եմ իմ ձեռքբերումներով, բայց ես համառ եմ ավելիին հասնելու հարցում:

Մանրամասները՝ «ՀԱՅԵՐ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը