Քաղաքական

22.05.2017 23:11


Արսեն Գրիգորյանը նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական

Արսեն Գրիգորյանը նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական

«Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս ասաց նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:
Տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ հայ ազգային մշակույթին իր ավանդը բերած գործիչն այսուհետ իր առաքելությունը կիրականացնի նաև ի պաշտոնե:
«Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, և շատ շնորհակալ եմ վստահության համար: Կարծում եմ, որ աշխատանքի արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և Հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա»,- ասաց նորանշանակ խորհրդականը:

Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968թ., Սիրիայի Ղամիշլի քաղաքում: 1987-ին տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1988-93 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողություն բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: 1998թ. ավարտել է ասպիրանտուրան: 1988-ից աշակերտել է նաև Հայրիկ Մուրադյանին և երգել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում: 2004-ին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Արսեն Գրիգորյանը հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչների խումբը, «ՄՐՐՈ» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում ու արտասահմանում: 2013-ին հիմնել է «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը: Թողարկել է բազմաթիվ սկավառակներ, տեսահոլովակներ, արժանացել մրցանակների, պարգևատրվել մեդալներով: 2008-ին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը