Լրահոս

16.12.2010 10:42


«Ա1+»-ին կրկին եթեր չտվեցին, հեռուստաեթերից զրկվեց նաև «ԱԼՄ»-ն

«Ա1+»-ին  կրկին եթեր չտվեցին, հեռուստաեթերից զրկվեց նաև «ԱԼՄ»-ն

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում տեղի ունեցավ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու համապատասխանաբար թիվ 1-18 և 19-25 մրցութային հայտերի վարկանիշային քվեարկությունը և լիցենզավորված անձանց ընտրությունը։

Թիվ 11 մրցույթում պայքարում էին «Արմնյուզ» ՓԲԸ-ն և «Մելտալքս» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Ա1+» հեռուստաընկերությունը։ Մրցույթում հաղթեց «Արմնյուզը»՝ հավաքելով 44 միավոր։ Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի ներկայացրած փաթեթին 0 միավորներ նշանակեցին։ 2002թ.-ից եթերից զրկված «Ա1+»-ը հավաքեց 2 միավոր և պարտվեց մրցույթում։ «Ա1+»-ին 2 միավոր տվեց միայն Արա Թադևոսյանը («Մեդիամաքս»-ի տնօրեն)։

Հեռուստաեթերից զրկվեց նաև «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը թիվ 8 մրցույթում պայքարում էր «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ հետ։ ՀՌԱՀ հանձնաժողովի 8 անդամների քվեարկության արդյունքում «ԱԼՄ»-ն հավաքեց 32, «Երևան TV»-ն՝ 40 միավոր։ Երբ ՀՌԱՀ նախագահ Գրրիգոր Ամալյանը հայտարարեց, որ մրցույթում «ԱԼՄ» հեռուստաընկերությունը պարտվում է, հեռուստաընկերության հիմնադիր Տիգրան Կարապետյանը աղմուկով լքեց դահլիճը։

Հիշեցնենք, որ հայտարարված 18 մրցույթներից յուրաքանչյուրի համար հայտ ներկայացրել էր մեկական ընկերություն։ Միայն հայտարարված երկու մրցույթների՝ թիվ 8-ի և թիվ 11-ի համար հայտ է ներկայացրել է 2 ընկերություն։

Հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը