Աշխարհ

22.05.2017 13:21


Թուրքիայում ձերբակալվել է Ադբեջանի՝ «Իսլամական պետության» անդամ քաղաքացի

Թուրքիայում ձերբակալվել է Ադբեջանի՝ «Իսլամական պետության» անդամ քաղաքացի

Թուրքիայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է թուրքական NTV լրատվակայքը՝ հղում անելով Անկարայի նահանգապետին:

Նահանգապետը նշել է, որ Ադրբեջանի քաղաքացին Ստամբուլում վարձով մեքենա է վերցրել և Անկարայում ահաբեկչություն կազմակերպելու համար ահաբեկչական խմբավորման 2 անդամի բերել է Անկարա:

Քաղաքացին ընդունել է իր մեղքը, և նրա տված ցուցմունքներով թուրքական հատուկ ծառայությունները իրականացրել են հակաահաբեկչական գործողություն, ինչի արդյունքում սպանվել է ԻՊ երկու անդամ: Նշվում է, որ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ էին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում ԻՊ անդամ Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալում: Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին Թուրքիայում իրականացված հակահաբեկրական գործողությունների արդյունքում ձերբակալվել էին նաև ադրբեջանցիներ:

Այս տարվա մարտին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևն էլ հայտնել է, որ մինչև այժմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի:

2015-ի նոյեմբերին Թուրքիայում ձերբակալվել էին Ադրբեջանի 14 քաղաքացի, ովքեր փորձում էին հատել թուրք-սիրիական սահմանը և միանալ «Իսլամական պետությանը»։ Մինչ այդ, 2015-ի հուլիսին՝ Թուրքիայում ձերբակալվել էր Ադրբեջանի քաղաքացի ևս մեկ ԻՊ անդամ:

2016-ի ապրիլին ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (ԱՊԿ-CTC), հրապարակել էր 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացրած 4600 հոգու վերաբերյալ զեկույց, որից 122-ը Ադրբեջանից են։ Սակայն Ադրբեջանի ԻՊ-ին անդամագրված ադրբեջանցիների ընդհանուր թիվը իրականում շատ ավելի մեծ է:

Այս խորագրի վերջին նյութերը