Աշխարհ

22.05.2017 12:45


Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի հարձակման գործով հետաքննություն է սկսվել

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի հարձակման գործով հետաքննություն է սկսվել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով հետաքննություն է սկսվել:

Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «Birgun»–ին հիշեցնելով, Թիլլերսոնը Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ամերիկյան «Fox» հեռուստաընկերությանը:

Հաղորդավարը հիշեցրել է պետքարտուղարին, որ Թուրքիայի նախագահը հեռվից հետևել է, թե ինչպես են իր թիկնապահները ծեծում խաղաղ ցուցարարներին: Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ-ն այս միջադեպի կապակցությամբ, Թիլլերսոնը պատասխանել է, որ Թուրքիայի դեսպանն արդեն կանչվել է պետքարտուղարություն.

«Մենք նրան կանչեցինք, որ խոսենք միջադեպի մասին, և տեղեկացնենք, որ այն չի կարող այդքան հեշտ ընդունվել»:

Թիլլերսոնը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, և իրենք կսպասեն դրա արդյունքներին:

Աղբյուրը հիշեցնում է՝ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մաքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:

Այս խորագրի վերջին նյութերը