Մեկնաբանություն

18.01.2010 19:30


ՀԱԿ-ը՝ հեղափոխականության և սահմանադրական ճանապարհի արանքում

ՀԱԿ-ը՝ հեղափոխականության և սահմանադրական ճանապարհի արանքում

Հունվարի 10-ի «ընտրություններից» հետո Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ներկայացնող գործիչների շրջանում կրկին աշխուժացան քննարկումները Հայ ազգային կոնգրեսի հետագա մարտավարության շուրջ։ Դատելով տեղեկատվական հոսքերից՝ ՀԱԿ–ում, մեծ հաշվով, այժմ 2 «ֆրակցիա» կա՝  սահմանադրական ճանապարհով գնալու կողմնակիցներ՝ այսինքն սպասողական մարտավարության կրողներ և հեղափոխականներ։   

1-ին «ֆրակցիան» գլխավորում է Տեր-Պետրոսյանը։ Լինելով ուղն ու ծուծով հակահեղափոխական մտածողության տեր գործիչ՝ նրա միակ գործն այժմ սպասելն է։  Տեր-Պետրոսյանը սպասում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում Սերժ Սարգսյանի ձախողումներին, որպեսզի դրանից հետո ենթադրյալ ժողովրդական դժգոհության ֆոնն օգտագործի։

Տեր-Պետրոսյանը հույս ունի նաև ստանալ արտաքին ուժերի աջակցությունն այն դեպքում, երբ Սարգսյանը կփորձի Արցախի հարցում ունենալ կոշտ դիրքորոշում։ ՀԱԿ առաջնորդն այդ դեպքում կարող է դրսի ուժերին ասել, որ իսկական նախաձեռնողականն ինքն է և գալով իշխանության՝ կանի այն, ինչից խուսափում է Ս. Սարգսյանը։ Իզուր չէր նա ՀԱԿ ակտիվի հետ կիսափակ հանդիպման ժամանակ բարձրաձայնում իր տեսակետներն Արցախի հետ կապված։ Դա յուրօրինակ «մեսիջ» էր դրսին, որտեղ հայտնվում էր ազատագրված տարածքները հանձնելու պատրաստակամության մասին։ Այս ամենը հաշվի առնելով՝ Տեր-Պետրոսյանը լավագույն մարտավարություն է համարում ներքին կյանքում  հանգիստ մնալը  և նրան դուր  չեն գալիս ՀԱԿ-ի «Հեղափոխություն»  «ֆրակցիայի» մոտեցումները։ Ակնհայտ է, որ թիվ 10 ընտրատարածքում ընտրության մասնակցելը նույնպես Տեր-Պետրոսյանի սրտով չէր։ Նա հասկանում է,  որ ամեն մի հերթական պարտություն թուլացնում է իրեն և անհրաժեշտ  պահին նա չի կարողանա իր կողմից բազմիցս հնչեցվող և փայփայման արժանի 20 հազարանոց զանգվածին  հավաքել, որպեսզի կարողանա այդ զանգվածն օգտագործել ներքին ու արտաքին քաղաքական առևտրի մեջ։

Տեր-Պետրոսյանի մարտավարության պահեստային տարբերակն ու ներքին հույսը նաև այն է, որ Սերժ Սարգսյանը  ընդառաջ կգնա իր բազում առաջարկներին և կերկխոսի ՀԱԿ-ի հետ։

ՀԱԿ-ի «Սահմանադրական ճանապարհ» «ֆրակցիայի»  ներկայացուցիչներն են Տեր-Պետրոսյանի նեղ շրջապատը (Լևոն  Զուրաբյան, Վլադիմիր Կարապետյան, Ավետիս Ավագյան,  Աշոտ  Սարգսյան և այլն),  սահմանադրական ճանապարհով գնալու հարուստ   փորձ ունեցող Ստեփան Դեմիրճյանն  ու բոլոր նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի տիրույթից դուրս գալու և հետագայում ինքնուրույն գործելու շանս գրեթե չունեն։

Անդրադառնալով ՀԱԿ-ի հեղափոխական «ֆրակցիային»՝ ասենք, որ այն ակնհայտ լիդեր չունի։ Կան առանձին գործիչներ (Ժիրայր Սեֆիլյան, Մարինե Պետրոսյան, Տիգրան Խզմալյան, Կարապետ Ռուբինյան, Ալեքսանդր Արզումանյան և այլն) ովքեր դեմ են Տեր-Պետրոսյանի  մարտավարությանը,  բայց առայժմ ֆորմալ առումով մնում են ՀԱԿ-ում։ «Հեղափոխականների» թևին են  դասվում նաև այն երիտասարդները,  ովքեր նույնպես չեն ընդունում տանը մնալու, Թուրքիայի մասով ներքին հույսեր փայփայելու և «Եղիազար Այնթապցու» հետ լեզու գտնելու տերպետրոսյանական տարբերակը։

Թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն և ինչպե՞ս կընթանա  ՀԱԿ-ի ներսում գործող, պատկերավոր ասած,  «Հիմա» և «Հետո» շարժումների  փոխհարաբերությունները՝ ցույց կտան առաջիկա ամիսները։ Մեկ բան ակնհայտ է՝ ՀԱԿ-ն այլևս որևէ վտանգ չի ներկայացնում իշխանության համար և եթե ձևական  տեսակետից մնա որպես հիմնական ընդդիմադիր ուժ, ապա դրանով իսկ  կնպաստի Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը։ Այսինքն իշխանության իրական այլընտրանքի ձևավորումը դառնում է հասարակության օրվա հրամայականը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը