Կարծիք

21.05.2017 20:47


Սերժ Սարգսյանը մնում է Արցախին սպառնացող գլխավոր մարտահրավերներից մեկը

Սերժ Սարգսյանը մնում է Արցախին սպառնացող գլխավոր մարտահրավերներից մեկը

Այսօր ամբողջովին լսեցի Սերժ Սարգսյանի ելույթն Ազգային ժողովի նոր գումարման առաջին նիստում և կրկին համոզվեցի, որ այս գործիչը մնում է Արցախին սպառնացող գլխավոր մարտահրավերներից մեկը: Հանձնվողական և պարտվողական փաստաթղթին գովեստի խոսքեր ուղղելն ու դրան հավատարմություն հայտնելն իմ ասածի վկայությունն են: Ավելին ասեմ, իր պարտվողական հայտարարություններով և քաղաքականությամբ Սերժ Սարգսյանն անդառնալի հարված է հասցրել հայության անվտանգությանը, իսկ իր անգործության պատճառով վերջին տարիներին մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր: 2011թ.-ից սկսած տարբեր գործիչներ, 2012թ. Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուն, 2015թ. Արցախի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի քանի քաղաքական ուժ, 2011թ.-ից այս կողմ Արցախի ԱԺ տարբեր պատգամավորներ և այլ գործիչներ բազմաթիվ անգամ բարձրացրել են առաջնագիծը` Արցախ-Ադրբեջան սահմանը, ժամանակակից տեսադիտարկման սարքերով վերազինելու, տեխնիկապես հագեցնելու հարցերը: Սակայն Սերժ Սարգսյանը նախընտրել է գումար չծախսել` մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումներին թողնելով խոցելի թշնամու դիվերսիոն գործունեության դիմաց: Ընդամենն ապրիլից հետո կատարված որոշակի հագեցվածությունը թույլ տվեց բացառել թշնամու դիվերսիաները: Սա այն դեպքում, երբ հսկայական միջոցներ չէին պահանջվում, գումարը 10 միլիոն դոլարի էլ չէր հասնում: 2016թ. ապրիլին և դրանից առաջ դիվերսիաների հետևանքով զոհված բոլոր զինծառայողների սպանության մեղքն ընկնում է անձամբ Սերժ Սարգսյանի վրա:
Սերժ Սարգսյանը կազանյան փաստաթղթի գովքում ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ»։
Պետք է նրան հիշեցնել, որ Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է, և Սերժ Սարգսյանի նպատակը, որպես Հայաստանում որոշումներ ընդունող անձ, պետք է լինի ինքնորոշման այդ ակտի միջազգային ճանաչմանն օժանդակելը, ոչ թե նոր կասկածելի մեխանիզմների շուրջ բանակցելը` այն էլ դրանց դիմաց Արցախի տարածքների զիջման հեռանկարով:
Ամփոփելով խոսքս, պետք է նկատեմ, որ Սերժ Սարգսյանը գրեթե անվերահսկելի իշխանություն է ձեռք բերել որոշումների կայացման գործում, իր կուսակցության ներսում և դրանից դուրս եղած հակակշիռները բավականին թույլ են, ինչն էլ էականորեն մեծացնում է Արցախի գլխին կախված Սերժ Սարգսյան սպառնալիքը:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը