Աշխարհ

21.05.2017 11:32


Բաքվի պայթեցված հայկական եկեղեցու 3D մոդելը Քաջազնունու ժառանգը վերստեղծել է (տեսանյութ)

Բաքվի պայթեցված հայկական եկեղեցու 3D մոդելը Քաջազնունու ժառանգը վերստեղծել է (տեսանյութ)

Ժամանակին Բաքվի կենտրոնում գտնվող Հայ առաքելական Սուրբ Բարդուղիմեոս և սուրբ Թադեոսի տաճարի 3D մոդելն է ստեղծել դիզայներ-նախագծող Բորիս Օռլովը: Տաճարը նախագծվել է 1906թ. և կառուցվել 1913թ., ճարտարպետ, հետագայում՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կողմից:

Եկեղեցին ուշադրություն է զարնել իր մոնումենտալությամբ․ երեսպատման սպիտակ քարը և ոսկեգույն ծածկույթը արևի լույսի ներքո յուրահատուկ տեսք են հաղորդել նրան: Շինությունը Բաքվում ամենագեղեցիկներից մեկն էր համարվում: 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին քանդվել է՝ նախ 3 տարվա ընթացքում ավերվել է, ապա՝ գործընթացն արագացնելու համար որոշվել է պայթեցնել այն:

1937թ. Հովհաննես Քաջազնունին կալանավորվել է և գնդակահարվել: Նրա դուստրը՝ Մարգարիտա Օվանեսովան, որպես սուրբ մասունք պահպանել է տաճարի գծագրերը:

«Իմ նախապապ Հովհաննես Քաջազնունու գծագրերը ավելի քան 100 տարի անց հայտնվել են ինձ մոտ: Ես ավելի քան մեկ տարի զբաղվում էի նախագծի թվայնացմամբ և 3D մոդելի ստեղծմամբ: Տվյալ մոդելը ճշտությամբ կրկնում է իմ նախապապի օրիգինալ նախագիծը,- Rusarminfo-ի հետ հարցազրույցում ասել է Բորիս Օռլովը,-Ես կցանկանայի, որ տաճարի մասին իմանային որքան հնարավոր է շատ մարդիկ: Ցավոք, նույն վայրում եկեղեցու վերականգնումը տվյալ վայրում անհնար է: Հուսով եմ՝ եկեղեցին կկառուցվի որևէ այլ վայրում՝ իր նախնական տեսքով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը