Կարծիք

20.05.2017 14:30


«Պայմանավորված խորհրդարան»

«Պայմանավորված խորհրդարան»

Ներքաղաքական տիրույթի լեգալիզացիան անխուսափելի է:

Ներքաղաքական տիրույթի հետագա զարգացումները միանշանակ շրջանցելու են գործող խորհրդարանի սահմանները: Խորհրդարանական կառավարումը ենթադրում է ներխորհրդարանական արեալում հստակ զսպիչ ու հակակշռող մեխանիզմների առկայություն, ինչից գործող խորհրդարանը զուրկ է: Վեցերորդ գումարման ԱԺ-ին ամենաբնորոշ անվանումն ինձ թվում է՝ «պայմանավորված խորհրդարան» անվանումն է, որտեղ հստակ ուրվագծված են ընդդիմության գործառույթներն ու ելույթների թնդության չափաբաժինը: Պայմանավորված ժողովրդավարությունը երկար կյանք չի կարող ունենալ, ինչը թելադրում է արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա՝ քաղաքական օրակարգ ձևավորելու երևացող տեսլականով: Վերոնշյալը ենթադրում է կարող ուժերի համախմբում՝ հասարակության մեսիջները գործող վարչակարգին պարտադրելու հստակ ուղղվածությամբ: Թե՛ արցախյան տիրույթում, թե՛ ներքաղաքական տիրույթում գործող վարչակարգը լուրջ խնդիրներ է ունենալու, որի շրջանակում գործող խորհրդարանն ի վիճակի չի լինելու խուսափել քաղաքական կոլապսից: Արցախում ցանկացած զիջում հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի, ինչի արդյունքում քաղաքական օրակարգը թելադրվելու է փողոցից, իսկ 2018թ.–ն սարերի հետևում չէ, ու այսօր էլ զգացնել է տալիս գործող վարչապետ-գործող նախագահ լարվածությունը, որտեղ ցանկացած կողմի հաղթանակի դեպքում վերաձևումներն անխուսափելի են: Սերժ Սարգսյանի՝ պախանի հեռացումը քաղաքական տիրույթից կնշանակի նոր թիմի ձևավորում, ու վհուկների որս կսկսվի իշխանական համակարգի ներսում, հակառակ պարագայում կընդվզեն հայաստանյան քաղաքական օրակարգի նկատմամբ լուրջ ազդեցություն ունեցող ռուսական կլանները, որոնք Կարեն Կարապետյանի հետ լուրջ հույսեր են կապում: Գործընթացների տրամաբանությունը հուշում է՝ հայ ժողովուրդը ստիպված չի լինելու մինչև 2040թ.–ն սպասել լավ ապրելու համար. քաղաքական վերաձևումներն ու հայրենի ներքաղաքական տիրույթի լեգալիզացիան անխուսափելի են:

Անդրանիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը