Մեկնաբանություն

20.05.2017 09:00


«Ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև կազանյան թակարդ

«Ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև կազանյան թակարդ

Խորհրդարանում հնչեցրած «մայիսյան թեզիսներում» Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր հավատարմության երդումը տվեց Ղարաբաղի խնդրի կարգավորման կազանյան տարբերակին՝ զուգահեռաբար քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանի (ուղղակիորեն) և Ռոբերտ Քոչարյանի (անուղղակիորեն` մադրիդյան սկզբունքներին «կպնելով») մոտեցումները:

ՀՀ առաջին նախագահին նա մեղադրեց Բաքվին կրկնելու հարցում («ներազգային միասնության» փուլն ավարտվե՞լ է, «էջմիածնական միաբաններն» այլևս պե՞տք չեն «Եղիազար Այնթապցուն»), իսկ Քոչարյանի համեմատ փորձեց ավելի շահեկան երևալ՝ հայտարարելով, թե կազանյան փաստաթուղթն ավելի լավն է մադրիդյան սկզբունքներից (Բ26-ում պատահաբա՞ր են շփոթում սկզբունքների ու բանակցված պայմանագրի տարբերությունը): Ի դեպ, իշխանական ագիտպրոպը նախկինում պնդում էր, թե կազանյան փաստաթուղթը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա: Ինչևէ:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու է խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ ղեկավարը Ղարաբաղի հարցում փորձում տարանջատվել իր նախորդներից: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է այն, որ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ուղղակի հետևանք կազանյան փաստաթղթի մասին է խոսում մեր երկրի օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում մենաշնորհային իշխանություն հաստատած գործիչը, ինչը նշանակում է, որ նա կարող է խոսքից գործի անցնել՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Իսկ «գործն» այդ նշանակում է Ղարաբաղի 7 շրջանների հանձնում Ադրբեջանին՝ անորոշ ապագայում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց: Ասել է թե, ըստ Սերժ Սարգսյանի գովերգած կազանյան փաստաթղթի՝ հայկական կողմն Ադրբեջանին շատ առարկայական զիջումներ է անում՝ հույսը դնելով թղթի կտորի, միջազգային հանրության միջնորդական ու խաղաղապահ առաքելության, ինչպես նաև Ադրբեջանի խոստման վրա:

Նկատենք, որ կազանյան փաստաթղթի գործնական կիրառումը բերելու է նույն հետևանքների, ինչ փուլային տարբերակի դեպքում կունենայինք: Զուտ ձևակերպումների առումով էլ այդ երկու փաստաթղթերը մոտ են: Միակ տարբերությունն այն է, որ 5, 50 կամ 500 տարի հետո (սրանք Սերժ Սարգսյանի ձևակերպումներն են) կարող են լինել ինքնորոշման հարցով հանրաքվե և ԼՂՀ կարգավիճակի հստակեցում, ինչը չէր նախատեսված փուլային լուծման դեպքում: Այլ կերպ ասած՝ կազանյան տարբերակը փուլայինից ձևով տարբերվող, սակայն բովանդակային առումով նույն բանն է, քանզի ազատագրված տարածքների հանձնումից անմիջապես հետո ԼՂՀ անվտանգության համակարգը շատ արագ կփլուզվի, ինչն էլ կհանգեցնի աղետալի հետևանքների, և մենք հակառակորդին կդիմավորենք Գորիսի ու Կապանի մատույցներում, եթե, իհարկե, հասցնենք, և եթե Հայաստանի հարավային հատվածում բնակչությունը խուճապահար չլքի իր բնակավայրը: Այսինքն՝ կազանյան փաստաթղթի կյանքի կոչման առաջին փուլից՝ տարածքների հանձնումից հետո ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին կարելի է մոռանալ:

Տեղին է հիշեցնելը, որ 2011թ. կազանյան գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանն «այո» ասաց, որից հետո Ալիևը 10 նոր պահանջ դրեց և չստանալով իր ուզածը՝ է՛լ ավելի ինտենսիվ ձևով պատրաստվեց պատերազմի, մինչդեռ Երևանում նույն ժամանակահատվածն օգտագործեցին ընտրությունների ժամանակ տոկոս «խփելու» նոր տեխնոլոգիաներ մշակելու համար: Արդյունքը եղավ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք ունեցանք 100-ից ավելի զոհ, բազմաթիվ վիրավորներ, 800 հեկտարից ավելի կորցրած տարածք, դատարկված Թալիշ, հանձնած ռազմավարական դիրք:

Թե ինչ է սպասվում կազանյան տարբերակին երկրորդ անգամ «այո» ասելուց հետո, կարելի է միայն ենթադրել:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Որքան էլ Ս. Սարգսյանը փորձի Ղարաբաղի հարցում շահեկանորեն տարբերվել իր նախորդներից, միևնույն է, «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում նա կոորդինատային համակարգում գտնվում է Ռ. Քոչարյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի արանքում՝ ընդհուպ մոտենալով վերջինիս:

Եթե անկեղծ ցանկություն կա տարբերվելու և Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական դիրքերը լավացնելու, ապա դա պետք է անել ոչ թե խոսքով, այլ իրական քայլերով, ընդ որում՝ նախ և առաջ երկրի ներսում, որոնք անհնար են առանց համապատասխան բազայի և մտածողության փոփոխության:

Իսկ եթե ՀՀԿ ղեկավարին թվում է, թե կազանյան տարբերակն իրոք գտածո է, և կարելի է քարոզչական մեթոդներով լավը երևալ, ապա նա չարաչար սխալվում է: Ինչպես «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը