Մեկնաբանություն

19.05.2017 23:10


«Կիլիկիա-2» կամ «Գնանք Նոյյան տապան՝ հաց ուտելու»

«Կիլիկիա-2» կամ «Գնանք Նոյյան տապան՝ հաց ուտելու»

Ժամանակին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ Զորի Բալայանն «Այաս»-ի տղաների հետ մի քանի տարի «Կիլիկիա» առագաստանավով շրջագայում էր Եվրոպայի շուրջ: Եռագույն դրոշով: Ո՞վ կարող է ասել՝ ինչ տվեց այդ ճամփորդությունը Հայաստանին, բացի Բալայանի երկհատոր հուշագրությունից:

Այդ նավագնացության վրա մեծ գումարներ ծախսեցին, ու արդյունքը զրոյական էր: Գաղափարը ոչ միայն մեզանում «չաշխատեց», այսինքն՝ ոգևորության կամ հպարտության զգացում չնկատվեց, այլև 60-ից ավելի նավահանգիստ մտած այդ նավի անձնակազմը՝ Բալայանի գլխավորությամբ, չհաջողեց 25 երկրներին պատշաճորեն ներկայացնել Հայաստանը: Ուրեմն, ո՞րն էր այդ շուրջերկրյա ճանապարհորդության նպատակը: Նավահանգիստներում մի քանի սփյուռքահայի տեսնելն ու նրանց հայրենիքից բարևներ տանե՞լը:

Նույնքան ցնորամիտ մի գաղափար էլ հիմա են փորձում կյանքի կոչել: Պարզվում է՝ Հանրային խորհուրդը ոչ թե հանրությանը հուզող տարաբնույթ խնդիրները քննարկելու և դրանց լուծմանը հասնելու նպատակով ստեղծված կառույց է, այլ ինչ-որ մի խմբի գլխում ծագած գաղափարին հավանություն տվող խորհուրդ:

Դեռևս 2011-ին Հանրային խորհուրդը հավանության է արժանացրել «Նոյյան տապան» կառուցելու ծրագրին, ինչը հիմա շահագրգռված անձինք փորձում են իրականացնել: Հիմնադրամ են ստեղծել, հոգաբարձուների խորհուրդ են ձևավորել ու հիացած բացատրում են, թե Արարատի դիմաց կառուցվող այդ տապանով մենք աշխարհին կապացուցենք, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Նախագիծն էլ նայում ես՝ շշմում ես: Լրիվ բիզնես ծրագիր է՝ կաֆեներ, հյուրանոցային համարներ, դահլիճներ, ընդունելությունների սրահ և այլն: Բնականաբար, Նոյն ու նրա ընտանիքը ու 450 զույգ կենդանի (երևի 2040-ին որ 4 միլիոն ենք դառնալու, էս կենդանիներին նկատի ունեն):

Եվ այս մարազմատիկ գաղափարի իրականացումը դրվում է ազգի ուսերին. արժեքը՝ 20 միլիոն դոլար: Լավ, հետո՞: Այդ ի՞նչ «գիտակրթական» բնույթի տապան կառուցելու մասին են խոսում, երբ վերջին ընտրություններին տեսանք մեր հանրակրթական դպրոցների սարսափելի վիճակը՝ կիսաքանդ շենքեր, կրթական պրոցեսը կազմակերպելու համար պիտանելիության ժամկետը վաղուց լրացած գույք և այլն:

Այս ի՞նչ աննորմալ գաղափարներ են հղանում մեզանում, երբ հայտնի են աղքատության, գործազրկության ցուցանիշները, և, ընդհանրապես, երկրում առկա սոցիալ-տնտեսական ողբալի իրավիճակը: Չենք զարմանա, որ մեկ տարի հետո էլ Հրանուշ Հակոբյանի՝ աշխարհում ամենամեծ խաչը կառուցելու գաղափարն սկսեն իրագործել:

Այնպես, ինչպես վերջին 9 տարիներին է կառավարվել այս երկիրը, դա իսկական ջրհեղեղ է, որից փախել-փրկվել է 350 հազար մարդ, և այդ ջրհեղեղից փրկվելու «գործընթացը» նոր թափ է հավաքում. արտագաղթողների թիվը գնալով ավելանում է: Էլ տապան կառուցելս ո՞րն է:

Միայն փոքր մարդկանց ուղեղներում կարող են ծնվել նման «մեծ» գաղափարներ՝ ի դժբախտություն երկրի ու ժողովրդի: Իսկական պատուհաս են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը