Աշխարհ

19.05.2017 16:21


Ռուսաստանից զենք գնելու վարկի շրջանակներում Հայաստանը կնքել է 18 պայմանագիր

Ռուսաստանից զենք գնելու վարկի շրջանակներում Հայաստանը կնքել է 18 պայմանագիր

Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել զենքի գնման համար Ռուսաստանից ստացած վարկի մարմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարկի շրջանակներում կնքվել է 18 պայմանագիր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնի է դառնում կառավարության որոշման նախագծի հիմնավորումից:

Վարկի մարման համար ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությամբ կառավարությունը փոփոխություն է կատարել 2017թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին իր նախկինում ընդունած որոշման մեջ: Նոր որոշումն ընդունվել է առանց զեկուցման:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանագրերի գծով ՀՀ համաֆինանսավորման մոտ 1,39 մլրդ ռուբլի պարտավորության դիմաց 18.04.2017թ. դրությամբ ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների դիմաց իրականացվել են 1,13 մլրդ ռուբլու վճարումներ: Տարբերությունը կազմում է 254 մլն ռուբլի:

18.04.2017թ. դրությամբ ուժի մեջ մտած պայմանագրերի մասով ՀՀ կողմից համաֆինանսավորման գծով կատարման ենթակա պարտավորությունների չափը կազմում է 212,7 մլն ռուբլուն համարժեք 1,9 մլրդ ՀՀ դրամ:

Ավելացնենք, որ Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Նախկինում հրապարակված պայմանգրում նշվում էր, որ Հայաստանը գնելու է 14 միավոր զինատեսակ և տեխնիկական այլ միջոցներ: Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։

Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

2017-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատվիրված զենքի մի մասն արդեն մատակարարվել է.

«200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին, դրված է ծառայության։ Մյուս աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի»:

Այս խորագրի վերջին նյութերը