Աշխարհ

19.05.2017 13:50


Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»

Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»

Թուրքիան գերմանացի պատգամավորներին կթույլատրի հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինծառայողների հետ միայն այն պայմանով, եթե Գերմանիան պաշտոնական Անկարային արտահանձնի այն անձանց, ովքեր գերմանական իշխանություններից ապաստան են խնդրել: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայից 450 հոգի ապաստան խնդրելու դիմում է ներկայացվել, որից 80-ը բավարարվել է:

«Թուրքիայի իշխանությունն այդ անձանց ձերբակալելու նպատակով ցանկանում է, որ արտահանձնենք իրենց: Սա մի իրավիճակ է, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի: Սա կտրականապես անընդունելի է»,-ասել է Գաբրիելը:

Գերմանիայի արտգործնախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունը բացահայտ կերպով Գերմանիային ասել է, որ եթե վերջիններս արտահանձնեն ապաստան խնդրողներին, այդ ժամանակ գուցե հնարավոր կլինի տեսակցել գերմանացի զինվորներին:

Նա նաև անդրադարձել է թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ նշելով, որ նախարարի օգտագործած արտահայտությունը բազմաթիվ վտանգներ են պարունակում:

Հիշեցնենք՝ Չավուշօղլուն վերոնշյալի կապակցությամբ ասել էր. «Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ»:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ գերմանացի պատգամավորներին ավելի վաղ նույնպես արգելվել էր այցելել Ինջիրլիք ռազմաբազա: Այդ ժամանակ պատճառը Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915թ. տեղի ունեցածը ցեղասպանություն որակելն էր:

Այս խորագրի վերջին նյութերը