Աշխարհ

19.05.2017 07:38


Մ.Զախարովա․ «Ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը»

Մ.Զախարովա․ «Ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Արցախում վերջին օրերին տիրող լարվածությանը՝ նշել է, որ Ռուսաստանը` որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ է անում հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»,-ասել է Զախարովան և ավելացրել որ զոհերի մասին երկու կողմերի տվյալները հակասում են իրար:

«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Զախարովան նաև ասել էր, որ անընդնունելի են համարում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելով՝ Ռուսաստանի գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել:

«Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում»,-նշել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) վերջին օրերին շփման գծում սրված իրավիճակի մասին նույնպես հայտարարություն են տարածել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը