Մեկնաբանություն

19.05.2017 00:05


Մեսիջներ ներսին ու դրսին

Մեսիջներ ներսին ու դրսին

Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում: Մինչև իր ելույթը նա արդեն իր ասելիքն ասել էր՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելով քաղաքական դիմագիծ, կարծիք, «ես» և մտածողություն չունեցող Արա Բաբլոյանին (Գալուստ Սահակյանը հարգարժան բժշկի համեմատ քաղաքականության «մետր» կարող է համարվել. սարսափելի է մտածել, որ Սահակյանին հնարավոր է երանի տալ): Դա նշանակում է, որ խորհրդարանի խոսնակի թեմային կրկին կանդրադառնան 2018-ին:

Այժմ բուն ելույթի մասին:

ՀՀԿ ղեկավարի ելույթը ծրագրային էր: Մեսիջներն ուղղված էին դրսին ու ներսին:

Նմանատիպ ելույթ Սարգսյանն ունեցել էր «հեռավոր» 2008-ին, նախագահական ընտրություններից հետո:

Այս անգամ չասվեց, որ առաջիկա մեկ-երկու տարում կառուցվելու է Իրան-Հայաստան երկաթգիծը, ստեղծվելու է նոր ատոմակայան, և Համահայկական բանկը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրեր է իրականացնելու: Խոսք չկար նաև Դիլիջանը, Ջերմուկը, Գյումրին ու մեր մյուս քաղաքները միջազգային այս կամ այն կենտրոնի վերածելու մասին: Դա անցյալում էր:

Հիմա ուրիշ ժամանակներ են, և ուրիշ բաներ են ասվում: Պատերազմ է հայտարարվել անարդարությանը: Բացի այդ՝ ասվում է, որ մինչև 2040 թվականը լավ է լինելու, քանզի ՀՆԱ-ն ահագին բազմապատկվելու է: 2040-ին Սերժ Սարգսյանը կդառնա 86 տարեկան: Սա՝ ի գիտություն:

Խորհրդարանում ևս մեկ անգամ ամրագրվեց այն, որ պաշտոնական Երևանը հավատարիմ է մնում Ղարաբաղի խնդրի լուծման կազանյան փաստաթղթին, ըստ որի՝ Ղարաբաղի յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց:

Եվ այսպես, Սարգսյանը ներսին, այն է՝ իշխանական համակարգին, ասաց, որ չի պատրաստվում հեռանալ 2018-ից հետո: Ճիշտ է, այդ մասին ուղիղ չասվեց, բայց դե, ուղիղ խոսքը գիտեք, թե ում է ասվում: Իսկ դրսին էլ ասվեց, որ պատրաստ է Ղարաբաղի հարցում գնալ զիջումների:

Ինչ վերաբերում է Հայաստանի հանրությանը, ապա այն Սարգսյանից ստացավ ամենալավ մեսիջը: Արդեն վերևում նշեցինք, որ խոստացվել է մինչև 2040 թվականը ՀՆԱ-ն բազմապատկել: Պատկերացնո՞ւմ եք, ՀՆԱ-ն ընդամենը 23 տարի անց կդառնա մոտ 60 միլիարդ դոլար՝ ներկայիս 10-ի փոխարեն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը