Մեկնաբանություն

18.05.2017 00:35


Իսկ ումի՞ց է պակաս Արա Բաբլոյանը

Իսկ ումի՞ց է պակաս Արա Բաբլոյանը

ԱԺ վերջին ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաապաքաղաքականն էին, ամենակեղծվածը, ամենաթանկարժեքը («ռեյտինգային» մի շարք թեկնածուների ծախսած գումարների ծավալների առումով) և ամենաընտրակաշառքայինը:

Ձևավորվեց մի խորհրդարան, որի հիմքում առավելապես փողն է ու ընտրակեղծիքը:

Ի դեպ, առաջին անգամ ենք հանդիպում նաև մի խորհրդարանի, որի կազմում չկա գոնե ֆորմալ առումով իշխանափոխության հայտ ներկայացնող ուժ. «պետպատվերով» ընդդիմությանն այլ դեր է հատկացվել, և «Ելք»-ն այն կատարում է պարտաճանաչ հաճախորդի պես:

Բնական է, որ այս պայմաններում չորրորդական է դառնում այն հարցը, թե ով կղեկավարի խորհրդարանը, ովքեր կլինեն նրա տեղակալները, կամ ովքեր կգլխավորեն այս կամ այն հանձնաժողովները:

Արդեն որոշվել է, որ խորհրդարանի խոսնակը կլինի Արա Բաբլոյանը: Քաղաքական առումով անդեմ, «անլեզու» և գորշ այս մարդը ցույց կտա, թե ինչպիսի ներկայացուցչական մարմին ունենք մենք:

Մյուս պաշտոն ստացածները Բաբլոյանից առանձնապես չեն տարբերվում այն առումով, որ ոչինչ չեն որոշում: Ընդամենը տեղի է ունեցել ներքին մրցույթ, ու Բ26-ին առավել դուր եկածները ստացել են պետբյուջեի հաշվին սպասարկող մեքենա, մի քիչ ավելի բարձր աշխատավարձ, սպասարկող անձնակազմ ու դրսում շրջագայելու ավելի մեծ հնարավորություն ունենալու «դաբրո»:

Եթե որոշվեր, որ, ասենք, «Կալիգուլայի ձին» կամ որևէ պաշտոնյայի թանկարժեք ավտոմեքենան է ստանձնելու ԱԺ-ի այս կամ այն պաշտոնը, ապա հենց այդպես էլ կլիներ: Սա՛ է ներկայիս քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը:

Թե որքան կտևի այս ամենը, այլ խոսակցության թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը