Մեկնաբանություն

18.05.2017 00:05


«Բարեփոխիչ» ռակիրովկաներ

«Բարեփոխիչ» ռակիրովկաներ

«Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ»,- 2016-ի նոյեմբերին ՀՀԿ համագումարի ամբիոնից հայտարարում էր Սերժ Սարգսյանը:

Այո՛, ՀՀԿ ղեկավարի գլխավորությամբ իշխող ուժը «կայուն, սահուն և անցնցում» կեղծեց երկու ընտրություն (ապրիլի 2-ի, մայիսի 14-ի): Անցումային շրջանում այսպիսի «հատուկ առաքելություն» իրականացրեց: Կեղծված ընտրություններով ոչինչ չփոխվեց:

Եթե ընտրություններով ոչինչ չի փոխվում, հիմա ո՞վ կարող է հավատալ, թե երկրում փոփոխություններ են լինելու: Միայն անմեղսունակները:

Իսկ հիմա եկել է ԱԺ-ում պատշոնների առաջադրման պահը և տեսնում ենք, որ նույն ՀՀԿ-ականներին այստեղից այնտեղ են տեղափոխում: Սա էլ առանձնապես հետաքրքիր չէ հանրությանը. ի՞նչ տարբերություն Գալուստի ու Բաբլոյանի միջև: Մանավանդ, երբ անցումային փուլի ավարտին դեռ ժամանակ կա: Կամ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թվի կրճատումը ի՞նչ է տալու ժողովրդին, որի զգալի մասը նույնիսկ տեղյակ էլ չէ այդ հանձնաժողովների աշխատանքից: Դե, բայց պետք է այդ կրճատումը հանրության վրա սաղացնել որպես «բարեփոխում»: Այն հանրության, որի առջև Հանրապետական մանդատավորները ներկայանում են որպես «ընտրյալներ»: Շատ ծիծաղելի է:

Զոռբայությամբ, բռնություններով, կաշառելով «ընտրյա՞լ» են դառնում: Կապ չունի՝ «առաջնորդող ու սկզբունքային» են: Կարևորը հաջողացրին «կայուն, սահուն ու անցնցում» իրենց ուզած խամաճիկային խորհրդարանը ձևավորել:

Իսկապես, «բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ» է, որ կարողացավ խորհրդարանից մաքրազարդել ընդդիմությանը: Անցումային փուլն ընթացքի մեջ է (երկիրը սրանց հայտարարած «անցումային շրջանի» ձեռք կրակն է ընկել) և դեռ Բաղրամյան 26-ը սեփական մտահղացումը ավարտին հասցնելու ժամանակ ունի այս ժամանակավոր «ռակիրովկաները» վերջնական տեսքի բերելու համար: Գլխավորը դա է, թե չէ՝ բարեփոխումնե՜ր, փոփոխություննե՜ր, ֆլան-ֆստա՜ն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը