Մեկնաբանություն

17.05.2017 09:10


Երբ ծառայամիտ է «մտավորական» կոչված խավը

Երբ ծառայամիտ է «մտավորական» կոչված խավը

1996-ին Հայաստանի գրողների միության համագումարն էր, որի ժամանակ նաև միության նախագահ պետք է ընտրեին:

ՀԳՄ դահլիճը լեփ-լեցուն էր, բոլորը ուզում էին հարմար տեղավորվել այն ակնկալիքով, որ երկար է տևելու համագումարը, ելույթներ, հաշվետվություն են լսելու, բանավեճ է ծավալվելու և այլն: Ես էլ, որպես լրագրող, այնտեղ էի ու մտածում էի, որ բավական հագեցած է լինելու համագումարի օրակարգը: Այնինչ բոլորիս համար անսպասելի «զարգացումներ» տեղի ունեցան: Հանկարծ միության շենքը շրջապատեցին ոստիկանները, ու ներս մտավ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նա բարձրացավ բեմ ու ասաց. «Հրանտը պետք ա ըլնի նախագահ»: Խոսքը Հրանտ Մաթևոսյանի մասին էր:

Ազգի գրական-մտավորական խավը, որ մինչ այդ աշխույժ քչփչում էր, խմբերի էր բաժանված, ու յուրաքանչյուրն իր նախընտրած նախագահի թեկնածուն ուներ և մարտական տրամադրվածությամբ պատրաստվում էր առաջադրել, մեկեն պապանձվեց: Բոլորը խելոք սսկվեցին ու ոչ մի ծպտուն չհանեցին: Ավելին՝ Վանոյի հրահանգին խոնարհությամբ ենթարկվեցին ու տեղում ձեռքերը վեր բարձրացրին: «Կողմ, անցավ միաձայն»: Այսինքն՝ անգամ փակ, գաղտնի քվեարկություն չկազմակերպեցին, այլ ուղղակի կոլխոզի ժողովի նման դահլիճում նստած՝ ձեռքերի բարձրացումով «քվեարկեցին»: Դա համարվեց «ազատ և արդար ընտրություն»:

Ինչո՞ւ հիշեցի այս դրվագը: Ապրիլի 2-ի և մայիսի 14-ի ընտրություններում էլ մեր մտավորականությունը նույն կեցվածքով հանդես եկավ: Այդ շրջանակից ոչ մի արձագանք չլսեցինք, ոչ մի ստեղծագործական միություն տեղի ունեցած բռնությունների, ընտրակեղծիքների, օրինազանցությունների, ընտրակաշառքի բաժանման դեմ բառ իսկ չարտաբերեց:

Իշխանության, պալատի հանդեպ մեր մտավորականության զգալի մասի հնազանդությունը, խոնարհ պահվածքը, քծնանքն ու ստրկամտությունը ազգային անբուժելի հիվանդություն են: Եթե իրեն «ազգի միտքը» համարող այս խավն է նման կեցվածք դրսևորում, «ոչ տեսել ենք, ոչ լսել ենք»՝ ամորֆ, անկամ, անտարբեր ու դիրքորոշում ու սկզբունք չունեցողի կեցվածք, ապա ի՞նչ ենք ուզում էս խեղճ ու կրակ ժողովրդից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը