Քաղաքական

15.05.2017 16:26


«Ժառանգությունը» դատապարտում է իշխանությունների իրագործած ընտրական կեղծարարությունն ու բռնությունները

«Ժառանգությունը» դատապարտում է իշխանությունների իրագործած ընտրական կեղծարարությունն ու բռնությունները

Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք, դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով եւ բռնություններով: Այդկերպ ձեւավորված ցանկացած իշխանություն՝ համապետական թե տեղական, լինելով ոչ լեգիտիմ, չի կարող արտահայտել Հայաստանի ժողովրդի շահերն ու իրականացնել նրա իղձերը:

ՀՀԿ-ի ցինիզմը հասել է այնտեղ, որ նրա ներկայացուցիչները սկսել են արդարացնել իրենց կատարածուների ապօրինությունների ու բռնությունների մինչ այդ ընդամենն անտեսվող ապացուցված փաստերը:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների ընտրակեղծարարություններն ու բռնությունները, որոնց վառ դրսեւորումներից էր ԱԺ երկու գումարումների պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա 21-ամյա դստեր հանդեպ մայիսի 14-ին ոստիկանության ներկայացուցիչների ոտնձգությունը, որի հետեւանքով վերջինիս հասցվեցին մարմնական վնասվածքներ: Մենք պահանջում ենք հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունն իրականացրած ոստիկաններին:

Ընտրություններից առաջ միլիարդավոր դոլարների ներդրումների ներգրավում խոստացող իսկ այժմ 1,5 միլիարդ դոլարով արտաքին պարտքն ավելացնել պատրաստվող իշխանությունները եւս մեկ ավելորդ անգամ ապացուցեցին, որ չունեն նաեւ Հայաստանի տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու ո՛չ պրոֆեսիոնալ կարողություններ եւ ոչ էլ արտաքին ու ներքին ներդրողների նվազագույն վստահությունը:

Հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետության ազատ եւ արժանապատիվ քաղաքացիներն իրենց մեջ ուժ կգտնեն պայքարելու հանուն ամենքիս երազած հզոր, բարեկեցիկ, արդար ու ազատ երկրի, եւ այդ գործում իրենց կարեւոր անելիքը ունեն իրապես ընդդիմադիր ուժերը, որոնք, առանց դադարեցնելու պայքարը, պետք է վերակազմակերպեն բոլոր միջոցները եւ, վերջապես, հանդես գան համընդգրկուն միասնական ճակատով՝ փրկելու համար երկիրը կործանումից, ներքին ու արտաքին գաղութացումից:

«Ժառանգություն» կուսակցություն

15 մայիսի 2017թ., Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը