Աշխարհ

11.05.2017 11:53


Ադրբեջանը Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր

Ադրբեջանը Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր

Մայիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Թուրքիայում անցկացվող İDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերական ընկերությունները մինչ օրս թուրքական ընկերություններից գնել են ընդհանուր առմամբ 130 մլն ԱՄՆ դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Այս մասին գրում է razm.info-ն։

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարը նաև նշել է, որ իրենք զարգացնում են համագործակցությունը Թուրքիայի հետ: Մասնավորապես թուրքական «Ասելսան» ընկերության հետ քննարկում են Ադրբեջանում գիշերային տեսանելության օպտիկական սարքերի արտադրության հարցը:

Բացի այդ, ըստ Ջամալովի խոսքերի՝ «Ասելսան» ընկերության հետ բանակցում են Ադրբեջանի տարածքում օպտիկական նշանառության սարքերի վերանորոգման կենտրոնի ստեղծման հնարավորությունները: Սակայն այս հարցերի հետ կապված որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվել:

Ջամալովը նաև նշել է, որ Ադրբեջանը թուրքական «Թիսաշ» (Tisaş) ընկերության հետ համագործակցում է 4 տեսակի ատրճանակների արտադրության հարցում:

Հիշեցնենք, որ մայիսի 9-12-ը Ստամբուլում անցկացվում է ամենամյա İDEF ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը: Բացի Ջամալովից, ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա է այցելե նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Այս խորագրի վերջին նյութերը