Աշխարհ

09.05.2017 14:06


Թուրքիայի նախագահի պահպանության գնդից 534 մարդու քրեական գործ ուղարկվել է դատարան

Թուրքիայի նախագահի պահպանության գնդից 534 մարդու քրեական գործ ուղարկվել է դատարան

Անկարայի դատախազությունը նախագահի պահպանության գնդի անձնակազմից 534 մարդու նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը ուղարկել է Անկարայի ծանր հանցագործությունների դատարան: Նրանք մեղադրվում են 2016 թ․ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ razm.info-ն գրում է, որ այս մասին մայիսի 8-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Քրեական գործով անցնող 534 կասկածյալից 10-ը քաղաքացիական ծառայողներ են: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգերը խախտելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը և կառավարությունը վերացնելու փորձի, նախագահի նկատմամբ մահափորձ իրականացնելու, ահաբեկչական խմբավորմանը անդամ լինելու և այլնի համար:

Կասկածյալների թվում է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիկնապահ, գնդապետ Ալի Յազջըն:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նախագահի պահպանության գնդի 124 զինծառայող ռազմական հեղաշրջման օրը ուղարկվել է Թուրքիայի TRT պետական հեռուստառադիո ընկերության շենք: Բաց այդ, նախագահի պահպանության գնդի 108 զինծառայող էլ ուղարկվել է նախագահի նստավայր:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Դեկտեմբերի դրությամբ ռազմական հեղաշրջման հետ առնչություն ունենալու համար շուրջ 22,000 մարդ հեռացվել է երկրի զինուժից: Նրանցից 6,400-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:


Այս խորագրի վերջին նյութերը