Աշխարհ

09.05.2017 13:46


Բրիտանական ընկերությունը կմասնակցի թուրքական կործանիչների շարժիչների նախագծմանը

Բրիտանական ընկերությունը կմասնակցի թուրքական կործանիչների շարժիչների նախագծմանը

Թուրքական Kale ընկերություն և բրիտանական Rolls-Royce ընկերությունը պայմանագիր են կնքել Թուրքիայի զինված ուժերի համար նոր սերնդի տեղական TF-X (Turkish Fighter X) կործանիչի շարժիչի համատեղ արտադրության մասին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը և բրիտանական ընկերության կայքը:

Բացի այդ, կնքված պայմանագրի համաձայն՝ երկու ընկերությունները համատեղ ձեռնարկություն են բացելու, որն էլ հենց զբաղվելու է թուրքական տեղական արտադրության կործանիչների շարժիչների արտադրությամբ: Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանելու է թուրքական ընկերությանը, իսկ 49 տոկոսը՝ բրիտանական Rolls-Royce ընկերությանը:

Պայմանագիրը կնքվել է մայիսի 8-ին Ստամբուլում: Թուրքական կողմից պայմանագիրը կնքել է Kale ընկերության փոխտնօրեն Օսման Օքյայը, իսկ բրիտանական կողմից Rolls-Royce ընկերության պաշտպանական և ավիացիայի արտադրության տնօրեն Քրիս Չոլերթոնը:

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 31-ին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Թուրքիայի այցելության ժամանակ թուրքական TAI (Turkish Aerospace Industries) և բրիտանական BAE Systems ավիաշինական ընկերությունները պայմանագիր են կնքել թուրքական TF-X կործանիչ նախագծի մշակման համար:

Նոր սերնդի սեփական կործանիչ ստեղծելու մասին Թուրքիան հայտարարել է դեռևս 2011-ին: Նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2030-ից հետո։

Մինչև BAE Systems ընկերության հետ պայմանագիր կնքելը՝ 2013-ին Թուրքիան կործանիչի ստեղծման համար համագործակցության համաձայնագիր էր կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ: Սակայն այնուհետև՝ 2015-ին թուրքական ընկերությունը դիմել է BAE ընկերությանը կործանիչի արտադրության համար:


Այս խորագրի վերջին նյութերը