Լրահոս

14.12.2010 16:29


ԱՄՆ հրեական լոբբիստական կազմակերպությունները կաջակցեն Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը

Չնայած որ Իսրայելը հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես չի ընդունել, հասարակական և մշակութային մակարդակում վաղուց է ընդունված, և Իսրայելի ժողովուրդը միշտ ցավակցել է հայերին ու ընդունել 1915թ. ցեղասպանությունը։ Այս մասին այսօր «Ցեղասպանության հանցագործությունը. կանխումը, դատապարտումը և հետևանքների  վերացումը» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին ասել է իսրայելցի փորձագետ, Ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի նախագահ Իսրայել Չարնին։

-Ես ամաչում եմ նրա համար, որ իմ երկիրը դեռ չի ընդունել հայերի ցեղասպանությունը։ Ես և իմ գործընկերները ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի Իսրայելը պաշտոնապես ընդունի Հայոց ցեղասպանությունը,-հայտարարել է նա։

Նա նաև ասել է, թե կասկած չկա, որ Իսրայելի ժողովուրդն իրոք անսասան է իր դիրքորոշման մեջ, ինչի մասին վկայում են թերթերի հրապարակումները, ֆիլմերը, մարդկանց խոսակցությունները։

Այն հարցին, թե Թել Ավիվը ե՞րբ կընդունի Հայոց ցեղասպանությունը, փորձագետը պատասխանել է. «Իսրայելում ընթացակարգը հետևյալ կերպ է իրականացվում. որոշումն ընդունում է Կնեսետը, հետո ուղարկվում է արտաքին հարաբերությունների հանձնաժողով, իսկ ԱՄՆ-ում հակառակն է՝ հանձնաժողովը հաստատում է և ուղարկում Կոնգրես։ Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանությունը ճանարող 4 բանաձև է ընդունել, բայց չեմ կարծում, թե հանձնաժողովը դրան ընթացք տա։

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ի հրեական լոբբիստական կազմակերպությունը հայ լոբբիստներին աջակցի ԱՄՆ Կոնգրեսում  Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում, Չարնին պատասխանել է.

-Կարծում եմ՝ այո, այսօր շատ բան է փոխվել։ Կային ժամանակներ, երբ հրեական լոբբին, կառավարության հետ մեկտեղ, օգնելով թուրքական լոբբիին, պայքարում էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Չեմ կարծում, թե այդպես շարունակվելու է, չեմ հավատում, թե Իսրայելի իշխանությունը երբևէ նորից կգնա այդ քայլին։

Այս խորագրի վերջին նյութերը